Անտառային հողերը կարող են անհատույց օգտագործման տրամադրվել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով սահմանված դեպքերում:
Լիազորված մարմնի կողմից անցկացվող մրցույթի հիման վրա՝ հայտատուներն անտառապատման նպատակով անտառային հողերն անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար լիազորված մարմին են ներկայացնում հայտ` համաձայն N 3 ձևի, և առաջարկ, որը ներառում է՝
1) նախնական ներդրումների չափը.
2) անտառային ծառատեսակների կազմի ցանկալի փոփոխությունները՝ անտառաճման պայմաններին համապատասխան բարձրարժեք ծառատեսակների աճեցում (հատկապես՝ կաղնու, հաճարենու, սոճու, իսկ երբեմն, ելնելով լեռնալանջի թեքության աստիճանից և դիրքադրությունից, գիհու աճեցում և այլն).
3) հողերն էրոզիայից պաշտպանելու (պաշտպանական նշանակության) նպատակով անտառամելիորատիվ տնկարկների հիմնումը.
4) խնամքի աշխատանքների՝ ժամանակին և պահանջվող ծավալով կիրառումը.
5) անտառատնկումների զուգակցումը հակաէրոզիոն այլ միջոցառումների հետ (ագրոտեխնիկական, հիդրոտեխնիկական և այլն).
6) որակյալ անտառային սերմերի և տնկանյութի օգտագործումը.
7) նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
Մրցույթում հաղթող ճանաչված հայտատուի հետ տրամադրողը 15 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է անտառապատման նպատակով անտառային հողերն անհատույց իրավունքով օգտագործման տալու մասին պայմանագիր:
Հայտատուն պայմանագրի կնքումից հետո հնգամսյա ժամկետում տրամադրողին ներկայացնում է անտառապատման նախագիծ (այսուհետ՝ նախագիծ), որը ներառում է՝
1) ընդհանուր բացատրագիրը (ներածությունը, տարածքների բնակլիմայական բնութագիրը, կլիման, հողերը, բուսականությունը, օբյեկտի տեղադրությունը և նկարագրությունը, անտառապատման աշխատանքների իրականացման պարտադիր պայմանները), հիմնադրման սխեմաները, քարտեզները.
2) ծավալային աշխատանքների ամփոփագիրը (նախատեսված աշխատանքների անվանումը, չափի միավորը, աշխատանքների ծավալն ըստ նախագծի).
3) շուկայական գներով հաշվարկված նախահաշիվը (նախատեսված աշխատանքների անվանումը, չափի միավորը, աշխատանքների ծավալն ըստ նախագծի, միավորի արժեքը (հազ. դրամ), ընդհանուր գումարը (հազ. դրամ):
Պայմանագիրը լուծելուց հետո երկու ամսվա ընթացքում հայտարարվում է նոր մրցույթ:
«Պետական անտառները եվ անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության 24 մայիսի 2007 թվականի N 806-Ն որոշում: