Համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության դատարաններն օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործերը քննում են, եթե պատասխանող օտարերկրյա ֆիզիկական անձը հայցի հարուցման պահին բնակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ պատասխանող օտարերկրյա մյուս անձինք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հայաստանի Հանրապետության դատարաններն իրավունք ունեն նաև քննելու օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր, եթե`
1) այդ մասին առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ իրավաբանական անձի և օտարերկրյա անձի միջև համաձայնություն.
2) գույքային վեճով պատասխանողը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի գույք.
3) ամուսնալուծության վերաբերյալ գործով` ամուսիններից թեկուզև մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.
4) առողջությանը, պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին և կերակրողի մահվամբ պատճառված վնասի վերաբերյալ գործով վնասը պատճառվել է Հայաստանի Հանրապետության տարածքում.
5) գույքին պատճառված վնասը հատուցելու գործով վնասի հատուցման պահանջը ներկայացնելու համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում.
6) օտարերկրյա անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
7) հայցը բխում է պայմանագրից, որով կատարումը տեղի է ունեցել կամ պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության տարածքում.
8) հայցը բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած անհիմն հարստացումից.
9) գործին մասնակցող անձանցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և գործին մասնակցող օտարերկրյա անձն ընդունում է Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորությունը՝ այդ մասին հայտարարելով կամ իրավազորության իրականացմանն ուղղված համապատասխան միջնորդություններ ներկայացնելով:
ՀՀ քաղաքացիական դատավարությամբ նախատեսված կանոնների պահպանմամբ դատարանի կողմից քննության ընդունված գործը դատարանը լուծում է ըստ էության, եթե անգամ գործի քննության ընթացքում որևէ հանգամանքի ուժով գործն ընդդատյա է դարձել այլ պետության դատարանին: