Իրավական ակտերի նախագծների հրապարակման միասնական կայքում առողջապահության նախարարությունը նոր կառավարության որոշման նախագիծ է հրապարակել, որով սահմանվել է Հանրապետությունում դեղերի առաքման կարգը:
Դեղերի առաքում կարող են իրականացնել դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:
Առաքումն իրականացնելու նպատակով դեղատանը վարվում է առաքումների գրանցման մատյան, որը ներառում է դեղի պատվերի ընդունման և առաքման վերաբերյալ տվյալներ:
Առաքման պատվերը ընդունվում է հեռախոսային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:
Պատվերի ընդունման ժամանակ առաքումների գրանցման մատյանում լրացվում են հետևյալ տվյալները. դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, պատվիրատուի անունը, ազգանունը, առաքման հասցեն, պատվերի ստացման ամսաթիվը:
Առաքումն իրականացվում է պատվերը գրանցելուց հետո առավելագույնը 48 ժամվա ընթացքում, առաքման ժամը համաձայնեցնելով պատվիրատուի հետ:
Պատվիրատուն նախքան առաքումը տեղեկացվում է նաև առաքվող դեղի և ծառայության արժեքի մասին:
Դեղատոմսով բաց թողնվող դեղերի առաքման պատվերն ընդունվում է միայն էլեկտրոնային դեղատոմսի կամ դեղատոմսի պատճենի առկայության դեպքում: Պատվերը գրանցելուց հետո, դեղագետը կամ դեղագործը, պատվիրատուին է տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն՝ դեղատանը առկա նույն բաղադրատարրը պարունակող, նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ, այդ թվում՝ գների մասին` առանց ուղղորդման:
Պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո առաքումների գրանցման մատյանում լրացվում են հետևյալ տվյալները առաքվող դեղի առևտրային անվանումը, սերիան, պիտանիության ժամկետը:
Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործոն) նյութեր պարունակող դեղերի առաքումը արգելվում է:
Դեղերի առաքումը պատվիրատուին իրականացվում է ապահովելով դեղի գրանցման ժամանակ հաստատված պահման և տեղափոխման պայմանների համապատասխանությունը:
Դեղատոմսով բաց թողնվող դեղի առաքումն իրականացվում է դեղագետի կամ դեղագործը կողմից:
Առաքողը պատվիրատուին տրամադրում է դեղի կիրառման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
Դեղի ստացման փաստը հաստատվում է առաքողի կողմից ներկայացված փաստաթղթի վրա` պատվիրատուի ստորագրությամբ, նշելով ամսաթիվը և ստացման ժամը:
Առաքման ծառայության, ինչպես նաև դեղի արժեքի վճարումը իրականացվում է ՀՀ օրենսդրության համապատասխան` պատվիրատուի և դեղատան փոխպայմանավորվածության համաձայն:
Առաքված դեղը վերադարձման ենթակա չէ: