Ժամը 19։00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում բուժումը շարունակում է 31 քաղաքացի։
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը քիչ առաջ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հետաքրքրվել տուժածների առողջական վիճակով և նրանց բուժման ընթացքով։ Լևոն Ալթունյանին ներկայացվել է, որ տուժածների մեծ մասի առողջական վիճակը բավարար է, իրականացվում է նրանց շարունակական հսկողություն։
Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց կապակցությամբ ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Ոստիկաններից մեկը վիրահատությունից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետների գնահատմամբ նրա վիճակը համապատասխանում է տարած վիրահատությանը։
Առողջապահական համակարգը շարունակում է գործել ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։