Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացվող պահանջը կազմվում է գրավոր և ներառում է՝
1) հաճախորդի անունը.
2) հաճախորդի բնակության և հաղորդակցման հասցեները.
3) այն Կազմակերպության անվանումը, որի դեմ բերվում է պահանջը.
4) գույքային պահանջի չափը, վարկային բյուրոյի դեմ ներկայացված պահանջի դեպքում գույքային պահանջի չափը նշվում է, եթե առկա է գույքային պահանջ.
5) Կազմակերպությանն ուղղված հաճախորդի բողոք-պահանջի պատճենը.
6) առկայության դեպքում Կազմակերպության գրավոր պատասխանը հաճախորդի բողոք-պահանջին.
7) հայտարարություն այն մասին, որ հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ առկա չէ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ, և որ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում չի քննվում հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ գործ.
8) պահանջի բովանդակությունը (հանգամանքները, որոնց վրա հիմնվում է պահանջը).
9) պահանջը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարին.
10) հաճախորդի ստորագրությունը:
Պահանջը կարող է ստորագրել հաճախորդի ներկայացուցիչը: Այդ դեպքում պահանջին կցվում է ներկայացուցչի լիազորությունները հավաստող, պատշաճ կարգով տրված լիազորագրի պատճենը:
Գրասենյակը պարտավոր է աջակցել հաճախորդին պահանջի բովանդակությունը օրենքով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև գույքային պահանջի չափը որոշելու հարցերում:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենք, հոդված 9