«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության ոլորտում աուդիտն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են աուդիտ իրականացնող մարմնի անվանումը, աուդիտ իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը) և հասցեն, աուդիտի նպատակը, ժամանակահատվածը:
Աուդիտն իրականացվում է նախնական ծանուցմամբ:
Աուդիտն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված այն ստուգաթերթերի հիման վրա, որտեղ ներառված են հարցեր բացառապես ՎՎՀԿԿ (վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի) համակարգի վերաբերյալ:
Աուդիտի հաճախականությունը հիմնվում է ռիսկերի գնահատման վրա` հաշվի առնելով պարբերական հսկողական միջոցառումների արդյունքները:
Աուդիտն իրականացվում է առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Լիազոր մարմինը նախանշում է աուդիտի նպատակներն ու խնդիրները և կազմում աուդիտի տարեկան ծրագիրը, ինչպես նաև այն հաստատում և հրապարակում է իր պաշտոնական էլեկտրոնային կայքում: Աուդիտի տարեկան ծրագրում նշվում են նաև այն կազմակերպությունների անվանումները, որոնք տարվա ընթացքում ենթակա են աուդիտի:
Աուդիտ իրականացնելիս պետական վերահսկողություն իրականացնող անձը նախապես ուսումնասիրում է նախադրյալային ծրագրերը, նախկին աուդիտի ստուգաթերթի արդյունքները (եթե առկա են), տվյալ սննդամթերքի արտադրական տեխնոլոգիական գործընթացը, ներդրված ՎՎՀԿԿ ծրագիրը, ինչպես նաև ծանոթանում է նախկինում կատարված փորձաքննությունների արդյունքներին և նմուշառման մեթոդներին:
Իրազեկման աղբյուրը՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ Օրենք 9-րդ հոդված: