Ե՞րբ է հայտարարվում արտակարգ դրություն և ի՞նչ սահմանափակումներ կարող են մտցվել այդ ժամանակ

2012 թ. ապրիլի 12-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը: Օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել, որոնք ուժի մեջ են մտել այ տարվա ապրիլի 9-ին:

Այսպիսով, արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է:

Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն ՀՀ սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:

Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:

Արտակարգ դրություն հայտարարում է կառավարությունը, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում  ժողովրդին: Այդ մասին որոշումը, ինչպես նաև որոշման մեջ կատարվող փոփոխությունները և լրացումները անհապաղ հրապարակվում են հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով:

Արտակարգ դրություն հայտարարելու մասին անհապաղ տեղեկացվում են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները և քարտուղարությունները միջազգային կազմակերպություններում:

1. Արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում են`

  • 1) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները.
  • 2) արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը.
  • 3) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ դրություն.
  • 4) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները, միջոցները և ուժերը.
  • 5) ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրավունքների և ազատությունների սահմանափակումների ծավալը` համաձայն սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջների.
  • 6) արտակարգ դրության ժամանակահատվածում սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն ստեղծված պետական հատուկ մարմինները և նրանց իրավասության շրջանակը.
  • 7) արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք.
  • 8) արտակարգ դրության ուժի մեջ մտնելու օրը, ամիսը, տարեթիվը և դրա գործողության ժամկետները:

Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

Նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Օրենքի 7-րդ հոդվածում նշվում է, որ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները.

  • 1) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց` տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները.
  • 2) հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև բնակչության կենսաապահովման և տրանսպորտի օբյեկտների պահպանության ուժեղացում.
  • 3) ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ` ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.
  • 4) սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում.
  • 5) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում.
  • 6) գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելում.
  • 7) տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում և դրանց զննման իրականացում.
  • 8) վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողության սահմանում կամ դրանց գործունեության կասեցում.
  • 9) գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում.
  • 10) նյութական և մշակութային արժեքների տարահանում, եթե իրական վտանգ կա արտակարգ դրության ժամանակ դրանց ոչնչացման, հափշտակության կամ վնասման համար.
  • 11) պարետային ժամի սահմանում, այսինքն` ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և (կամ) հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում, ինչպես նաև օրվա որոշակի ժամանակահատվածում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.
  • 12) կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, մասնավորապես զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում.
  • 13) անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական առարկաների զննում.
  • 14) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելում, հատուկ ռեժիմի սահմանում, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում.
  • 15) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.
  • 16) արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործում` օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական փոխհատուցմամբ:

Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի կասեցնելու գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների իրավական ակտերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել