Որո՞նք են սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողության ձևերը

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին»  ՀՀ  Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` իր կազմում գործող ստորաբաժանումների և տարածքային մարմինների միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և դեպքերում:

Պետական վերահսկողության ձևերն են`

  • ստուգումը.
  • դիտարկումը.
  • աուդիտը.
  • բուսասանիտարական մշտադիտարկումը (մոնիթորինգը).
  • անասնահամաճարակային մշտադիտարկումը.
  • սահմանային պետական վերահսկողությունը:

Սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողությունն իրականացվում է՝ սննդամթերքի արտադրության, մշակման, վերամշակման, ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, տեղափոխման, պահման, պահպանման, իրացման (վաճառքի), ոչնչացման և օգտահանման փուլերին, ինչպես նաև ծառայությունների մատուցմանը, օգտագործվող տրանսպորտային միջոցներին, արտադրամասերին, պահեստային և այլ տարածքներին, սննդամթերքի հիգիենայի պայմաններին, այդ թվում` պատշաճ հիգիենայի գործելակերպին իրավական ակտերով ներկայացվող պահանջների և կանոնների պահպանման նկատմամբ:

Անասնաբուժության ոլորտում պետական վերահսկողությունն իրականացվում է՝ անասնաբուժական ծառայության գործունեության, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման, հակաանասնահամաճարակային միջոցառումների կազմակերպման, իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքը կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումից պաշտպանելու միջոցառումների հսկողության իրականացման նպատակներով, ինչպես նաև կենդանական ծագման մթերքի և հումքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերերի և լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման և վերամշակման ընթացքում, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում երկրի տարածք ներմուծվող և երկրից արտահանվող կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերի, լրացակերերի, մանրէական տարատեսակների, անասնաբուժական միջոցների և անասնաբուժական դեղամիջոցների, կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող նյութերի ու առարկաների, կենդանիների կենսագործունեության համար նախատեսված ջրի անասնաբուժասանիտարական անվտանգության նկատմամբ:

Բուսասանիտարիայի ոլորտում պետական վերահսկողությունն իրականացվում է՝ բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման, արտահանման, վերաարտահանման նկատմամբ, ինչպես նաև կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցումը և հետագա տարածումը կանխելու, դրանցից սպասվող տնտեսական վնասը սահմանափակելու կամ պետական գրանցում չստացած, օգտագործման համար ոչ պիտանի, ժամկետանց և արգելված պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը, արտահանումը, իրացումն ու օգտագործումը բացառելու նպատակով: Բուսասանիտարիայի ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող անձինք կրում են համազգեստ, որի կրման կարգը և ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրազեկման աղբյուրը՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին»  ՀՀ  Օրենք 6-րդ հոդված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել