Կուտակային համակարգի մասնակիցների միջոցները, նրանց համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու նպատակով, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ներդրվում են տարբեր ֆինանսական գործիքներում` պարտատոմսեր, բանկային ավանդներ, բաժնետոմսեր և այլն: Սակայն, որպեսզի այս գումարները առավելագույնս պաշտպանված լինեն տարատեսակ բացասական ազդեցություններից, օրենքը սահմանափակում է, թե որտեղ և ինչ չափով կարող են կուտակային միջոցներով ներդրումներ կատարվել:
Այս մասին տեղեկանում ենք Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից։
Սահմանափակումներից մեկը վերաբերում է ներդրումների աշխարհագրությանը և արժույթին: Հայտնի է, որ կուտակային հատկացումներով ներդրումներ կատարվում են հայկական դրամով և արտարժույթով, ընդ որում` արտարժույթով ներդրումները չեն կարող գերազանցել կենսաթոշակային ֆոնդի միջոցների 40 տոկոսը: Դա նշանակում է, որ գումարի առնվազն 60 տոկոսը ներդրվում է Հայաստանում հայկական դրամով` խթանելով երկրի տնտեսությունը:
Բացի արժույթների քանակական սահմանափակումից, խիստ կարևոր է նաև, թե որ երկրներում է թույլատրված կատարել կուտակային միջոցներով ներդրումներ. դրանք Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) և ԵՄ անդամ պետություններն են, որոնք ունեն կայացած կապիտալի շուկաներ և առավել ապահով են նմանատիպ ներդրումների համար:
Կուտակային համակարգի հաջողության գլխավոր նախապայման է կուտակվող միջոցներով ներդրումների քաղաքականությունը, ուստի հայաստանյան օրենսդրությունը այս տեսանկյունից թեպետ բավականին խիստ է, բայց միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս կառավարիչներին` ներդրումները կատարել դիվերսիֆիկացված և ապահովել հնարավոր լավագույն արդյունքներ համակարգի մասնակիցների համար:
Արժութային և աշխարհագրական սահմանափակումների մասին ավելին` ԿՀԻԿ-ի տեսանյութում