«Օտարեկրացիների մասին» ՀՀ Օրենքով սահմանված կարգով օտարերկրացին կարող է ձերբակալվել և պահվել հատուկ կացարանում, եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ նա կարող է թաքնվել մինչև դատարանում արտաքսման մասին գործի քննությունը կամ օրինական ուժի մեջ մտած արտաքսման որոշման կատարումը:
Օտարերկրացուն ձերբակալելուց և հատուկ կացարանում տեղավորելուց հետո` 48 ժամվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը դիմում է դատարան` օտարերկրացուն մինչև 90 օր պահելու թույլտվության վերաբերյալ որոշում ստանալու համար:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը ձերբակալման մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնում է ձերբակալված օտարերկրացու ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությանը և(կամ) տվյալ օտարերկրացու` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մերձավոր ազգականներին:
Ձերբակալված օտարերկրացին հատուկ կացարանում կարող է պահվել մինչև արտաքսման մասին գործի քննության արդյունքում դատարանի կայացրած որոշումն օրինական ուժի մեջ մտնելը, բայց ոչ ավելի քան 90 օր: Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինն ի կատար է ածում օտարերկրացու արտաքսման մասին որոշումը, դրա մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով արտաքսվող օտարերկրացու ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությանը:
Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ կացարանների գործունեության և ձերբակալված օտարերկրացիներին պահելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Արտաքսման ծախսերը օտարերկրացու կողմից չհոգալու դեպքում կատարվում են Հայաստանի Հանրապետական պետական բյուջեից:
Իրազեկման աղբյուրը՝ «Օտարեկրացիների մասին» ՀՀ Օրենք (36-րդ և 38-րդ հոդվածներ)