Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Տեղեկանքը ստորագրվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կողմից և կնքվում գործակալության եռալեզու կնիքով: Այս մասին տեղեկանում ենք արդարադատության նախարարության կայքէջից:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից տեղեկանքը տրամադրվում է
– հայերեն, (ձև N 1)
– հայերեն-անգլերեն (ձև N 2) կամ
– հայերեն-ռուսերեն (ձև N 2)
Մեկ դիմումի շրջանակներում տրամադրվում է մեկ տեղեկանք: Տրամադրվող տեղեկանքի տարբերակը ընտրվում է դիմումատուի կողմից: Նույն համարի ներքո տրամադրվում է մեկ տեղեկանք: Տեղեկանքի կրկնօրինակ չի տրամադրվում: Տեղեկանքի կորստյան դեպքում անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել նոր դիմում:
Տեղեկանքը տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո 7-րդ աշխատանքային օրը:
ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիներին վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է 10-րդ աշխատանքային օրը:
Տեղեկանքի տրամադրման համար գանձվում են հետևյալ պետական տուրքերը և արտաբյուջետային վճարումները.
ա. 7 աշխատանքային օրը հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 1 000 ՀՀ դրամ
բ. ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 16 000 դրամ
Հայերեն-անգլերեն կամ հայերեն-ռուսերեն լեզուներով տեղեկանք տրամադրելու դեպքում, բացի վերը նշված «ա» և «բ» կետերում նշված վճարներից, գանձվում է ևս 5000 ՀՀ դրամ
Տեղեկանքի տրամադրման համար նախատեսված ընդհանուր 7 (կամ 10) աշխատանքային օրվա ժամկետը կարող է կրճատվել դիմումատուի ցանկությամբ համապատասխան վճարումներ կատարելու դեպքում ըստ օրերի՝
– երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ 12 000 ՀՀ դրամ
-երրորդ աշխատանքային օրը՝ 8 000 ՀՀ դրամ
– հինգերորդ աշխատանքային օրը՝ 5 000 ՀՀ դրամ
Տեղեկանքը տրամադրելու ժամկետի կրճատման համար նախատեսված վճարումները չեն ներառում «ա» և «բ» կետերում նշված և հայերեն-անգլերեն (կամ հայերեն-ռուսերեն) տարբերակով տեղեկանքի տրամադրման համար նախատեսված վճարումները:
Դիմումները ընդունվում են ՀՀ արդարադատության նախարարության ընդունարանում յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:30-ից 12:00-ը և 15:00-ից 16:30-ը: Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8: