Կաշառքի դիմաց ապօրինի ծառահատումների իրական ծավալները թաքցնելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների նոր դեպքեր: Մասնավորապես, իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վասիլ Չիլինգարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով և պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իր ղեկավարած անտառտնտեսությունում ստուգումներ իրականացնող պաշտոնատար անձանց դրդել է պաշտոնեական կեղծիք կատարելուն, այն է՝ ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստացի ծավալներն ու պատճառված վնասի իրական չափը նվազեցնելուն, որով էական վնաս է պատճառել նշված պետական կազմակերպությանը և պետությանը:
Այսպես, 2016 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 11-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում ստուգումներ իրականացնող խմբում ընդգրկվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանը, ով փաստացի ղեկավարել է ստուգող խմբի աշխատանքները: Ստուգումների արդյունքում հիշյալ անտառտնտեսության 7 անտառպետության 35 պահաբաժիններում հայտնաբերվել են բազմաթիվ ապօրինի հատված ծառեր:
Սակայն անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանը, ապօրինի ծառահատումների և բնությանը պատճառված վնասի իրական ծավալները թաքցնելու, ինչպես նաև անտառտնտեսության գործունեության ղեկավարման վիճակը բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու նպատակով օգտագործել է ստուգող խմբի ղեկավար Վ. Աբրահամյանի հետ ունեցած կապերը և վերջինիս միջոցով ստուգող խմբի անդամներին դրդել պաշտոնեական կեղծիքներ կատարելուն: Այդ նպատակով Վ. Չիլինգարյանը հանդիպել է Վ. Աբրահամյանի և ստուգող խմբի գործունեությունը վերահսկող` ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Վ. Ասատրյանի հետ ու նրանց հետ քննարկել ապօրինի ծառահատումների ծավալները նվազեցնելու հանգամանքները:
Արդյունքում, Վ. Աբրահամյանը Վ. Ասատրյանի գիտությամբ ու թողտվությամբ և Վ. Չիլինգարյանի դրդմամբ ստուգող խմբի հետ կազմել է իրականությանը չհամապատասխանող ստուգման ակտ, որում մտցրել է ապօրինի հատված ծառերի քանակի ու դրա հետևանքով բնությանը պատճառված վնասի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Այսպիսով, Վ. Չիլինգարյանը չի կատարել անտառխախտման դեպքերը հայտնաբերելու, անտառխախտման արձանագրություն կազմելու, հայտնաբերված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ անհապաղ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու իր պարտականությունը: Ավելին, իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ պարունակող ստուգման ակտի հիման վրա թաքցրել է անտառտնտեսությունում ապօրինի ծառահատումների իրական ծավալը, որի հետևանքով բնությանը պատճառվել է էական վնաս:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վասիլ Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված Վարդան Ասատրյանի և Վասիլ Աբրահամյանինկատմամբ, ինչպես արդեն տեղեկացվել է, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Վ. Չիլինգարյանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հաշվի առնելով, որ ապօրինի ծառահատումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը քննության տեսանկյունից բարդ և բազմադրվագ է, դրա շրջանակներում դեռևս շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ` միաժամանակ մի քանի անտառտնտեսությունների գործունեությանն առնչվող պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված բազմաթիվ չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննության ներկա փուլում հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր առմամբ 22 անձ, այդ թվում` ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաներ ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, այդ թվում` տնօրեններ, անտառապետեր ու անտառապահներ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել են շուրջ 200 անձինք, այդ թվում` վկաներ, կասկածյալներ, մեղադրյալներ, կատարվել առերեսումներ և այլ մեծածավալ քննչական-դատավարական գործողություններ: Նշանակվել են տարբեր փորձաքննություններ և մասնագիտական ստուգումներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած
դատավճռով: