Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքները այդյո՞ք անվավեր են

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի համաձայն՝

Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել մոլորության ազդեցության ներքո գործած կողմի հայցով:

Անհրաժեշտ է նշել, որ գործարքն անվավեր ճանաչելու համար մոլորությունը պետք է լինի էական: Էական նշանակություն ունի գործարքի բնույթի կամ դրա առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները: Այդպիսով՝ էական նշանակություն ունեցող մոլորությունն առկա է, երբ կնքված գործարքը չի արտահայտում կողմերի իրական կամքը, չի կարող հանգեցնել այն իրավական հետևանքներին, որոնք նրանք ի նկատի են ունեցել գործարքի կնքման պահին: Էական նշանակություն ունի գործարքի բնույթի, մասնավորապես` գործարքի էության, դրա հետևանքների, կողմերի հարաբերությունների բովանդակության վերաբերյալ մոլորությունը: Գործարքի շարժառիթների վերաբերյալ մոլորությունն էական նշանակություն չունի: Բացի դրանից, կողմը, որի հայցով գործարքն անվավեր է ճանաչվել, իրավունք ունի մյուս կողմից պահանջել իրեն պատճառված իրական վնասի հատուցումը, եթե ապացուցի, որ մոլորությունն առաջացել է մյուս կողմի մեղքով: Եթե դա ապացուցված չէ, կողմը, որի հայցով գործարքն անվավեր է ճանաչվել, պարտավոր է մյուս կողմի պահանջով հատուցել նրան պատճառված իրական վնասը, եթե անգամ մոլորությունը ծագել է մոլորված կողմից անկախ հանգամանքներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել