ՀՀ Նախագահի՝ 2018 թվականի մարտի 27-ի հրամանագրով՝ Հարություն Մանուկյանը և Արման Հովհաննիսյանը նշանակվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այսօր՝ մարտի 28-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Հարություն Մանուկյանին և Արման Հովհաննիսյանին ներկայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին և դատավորներին:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ նորանշանակ դատավորներն իրենց մասնագիտական և մարդկային բարձր որակների, պատրաստվածության շնորհիվ իրենց գիտելիքներն ըստ պատշաճի կներդնեն արդարադատություն իրականացնելու պատասխանատու աշխատանքում:
Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ՀՀ արադարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և դատավորներ: