Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Միքայել Մելքումյանը և Վահե Էնֆիաջյանը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագի են ներկայացրել կառավարություն։ Այս հարցը կքննարկվի մարտի 29-ին՝ կառավարության հերթական նիստի ժամանակ։
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել տրանսպորտային միջոցը վարձույթով տալու գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից վարձույթով տրված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների համար վարչական տուգանք կիրառելու ընթացակարգերում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխության տրամաբանության հիմքում դրված է այն, որ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող ենթարկվել պատասխանատվության այն դեպքում, երբ չի կատարել իրավախախտում: Համաձայն գործող օրենքի` տրանսպորտային միջոցը վարձույթ տալու գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վճարել իրավախախտում կատարած անձի փոխարեն, եթե մեկ ամսվա ընթացքում իրավախախտում կատարած անձը, նույն ինքը `վարձակալը, չի վճարում վարչական ակտի գումարը: Սա արդեն ինքին հանդիսանում է մարդու իրավունքների խախտում:
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար: Բացի այդ, այն դեպքերում, երբ ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա՝ համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:
Այսինքն՝ ապացուցելով նույնիսկ, որ իրավախախտում կատարողը տվյալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չէ, միեւնույն է մեկ այլ օրենքով նրա վրա է դրվում վարչական ակտի վճարման պարտականությունը: Մինչ դեռ օրենքները մշակելիս եւ ընդունելիս պետք է հնարավարություններ ստեղծենք մանր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար, որոնց թվին են դասվում նաեւ տրանսպորտային միջոցները վաձրույթ տալու գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, նպաստենք, այլ ոչ թե սահմանափակենք նրանց գործունեության ընդլայնմանը:
Ալիսա Չիլինգարյան