«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բանկերը հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում են տվյալ հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին), եթե վերջիններիս կամ նրանց ներկայացուցիչները տվյալ անձանց ժառանգության (իրավահաջորդության) իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթեր են ներկայացրել:
ՀՀ ԿԲԽ-ի 10.12.2013 թվականի թիվ 5 «Նոտարներին և ժառանգներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման վերաբերյալ» պաշտոնական պարզաբանման համաձայն՝
ժառանգությունը հիմնավորող բավարար փաստաթուղթ է համարվում ժառանգության իրավունքի վկայագիրը, իսկ այն դեպքում, երբ ժառանգությունն ընդունվում է ժառանգված գույքը փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով, ապա ժառանգությունը հիմնավորող բավարար փաստաթուղթ է համարվում ինչպես ժառանգության իրավունքի վկայագիրը, այնպես էլ դատարանի կողմից համապատասխան ժառանգի ժառանգման փաստի վերաբերյալ դատարանի վճիռը (որոշումը):
2. Ժառանգության բացման վայրի նոտարին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը չի համարվում բանկերի կողմից բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում, եթե պահպանվել են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.
1.բանկին դիմել է ժառանգության բացման վայրի նոտարը` ներկայացնելով գրություն` համաձայն նույն պարզաբանման Հավելված 1-ի ,
2. բանկը այդ գրությանը պատասխանել է` համաձայն նույն պարզաբանման Հավելված 2-ի,
3. բանկը նոտարի պատասխանը տրամադրել է կամ ուղարկել է փակ ծրարով անմիջապես նոտարին, այլ ոչ նրա կողմից նշանակված այլ անձին (ներկայացուցչին):