Հիփոթեքի առարկան որոշվում է պայմանագրում դրա անվանման, գտնվելու վայրի նշումով

Քաղաքացիական օրենսգրքի 260-րդ հոդվածը սահմանում է, որ հիփոթեք է համարվում անշարժ գույքի գրավը, ինչպես նաև հողամասի կառուցապատման իրավունքի և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի գրավը:

Հիփոթեքի պայմանագրով մի կողմը` գրավառուն, որը հիփոթեքով ապահովված վարկային պայմանագրով կամ այլ պարտավորությամբ (հիմնական պարտավորությամբ) պարտատերն է, այդ պարտավորությամբ գրավ դրված գույքի արժեքից գրավատուի մյուս պարտատերերի հանդեպ իր դրամական պահանջները բավարարելու նախապատվության իրավունք ունի:

Օրենսգրքի 262-րդ հոդվածում նշված է, որ հիփոթեքի պայմանագրում պետք է նշված լինեն կողմերի անունները և բնակության վայրերը, հիփոթեքի առարկան, հիփոթեքով ապահովված պարտավորության էությունը, չափը և կատարման ժամկետը: Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագրում գրավառուի անվան  և բնակության վայրի փոխարեն նշվում է, որ գրավառու է հանդիսանում արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում նշված արժեթղթի սեփականատերը:

Հիփոթեքի առարկան որոշվում է պայմանագրում դրա անվանման, գտնվելու վայրի նշումով և այդ առարկայի նույնացման համար բավարար նկարագրությամբ:

Եթե հիփոթեքի առարկան գրավատուին պատկանող իրավունքն է, ապա պայմանագրում պետք է նկարագրվի այդ իրավունքի ծագման հիմքը, ինչպես նաև անշարժ գույքը, որին վերաբերում է այդ իրավունքը և այդ իրավունքը գրանցած պետական մարմինը:

Հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն հիփոթեքով ապահովված պարտավորությունը, դրա գումարը, ծագման հիմքերը և դրա կատարման ժամկետը:

Եթե պարտավորությունը հիմնված է որևէ պայմանագրի վրա, ապա պետք է նշվեն պայմանագրի կողմերը, կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը: Եթե հիփոթեքով ապահովված պարտավորության գումարը որոշվելու է ապագայում, ապա հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն այն որոշելու կարգը և մյուս անհրաժեշտ պայմանները:

Եթե հիփոթեքով ապահովված պարտավորությունը պետք է կատարվի մաս առ մաս, ապա հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն համապատասխան վճարների ժամկետները կամ պարբերականությունը, դրանց չափերը կամ այդ չափերը որոշելու համար անհրաժեշտ պայմանները:

Հողամաս ձեռք բերելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում՝ նոր ձեռք բերվող հողամասի գրավով:

Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքների պետական գրանցումը պետք է իրականացվի ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում՝ առանձին հավելված հանդիսացող հիփոթեքի պայմանագրի հիման վրա: Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման պահից հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքների պետական գրանցումը պետք է իրականացվի արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանից տրված քաղվածքի հիման վրա: Ընդ որում, ազդագրի հիման վրա թողարկված հիփոթեքով ապահովված արժեթղթերի սեփականատերերի փոփոխության յուրաքանչյուր դեպքում նոր գրավառուի իրավունքները համարվում են պետական գրանցում ստացած՝ արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքն արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում գրանցելու պահից:

Հիփոթեքի պայմանագրի պետական գրանցման կարգը սահմանվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել