Ո՞վ կարող է վավերացնել կտակը. նոտարը պարտավոր է նախազգուշացնել վկային

Քաղաքացիական օրենսգրքի 1205-րդ հոդվածը սահմանում է, որ կտակը վավերացնում է նոտարը՝ նոտարիատի մասին օրենքով սահմանված կարգով:

Նոտարի վավերացրած կտակը պետք է գրած լինի կտակարարը կամ կտակարարի բառերով գրի առնի նոտարը: Կտակարարի բառերով` նոտարի գրի առած կտակը, մինչև դրա ստորագրելը, պետք է կտակարարն ամբողջությամբ կարդա նոտարի ներկայությամբ:

Եթե կտակարարը ֆիզիկական թերությունների, հիվանդության կամ անգրագիտության պատճառով ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը, ապա նոտարը դրա տեքստը հրապարակում է վկայի ներկայությամբ, և այդ մասին նշում է կատարվում կտակում` ցույց տալով այն պատճառները, որոնց ուժով կտակարարը չի կարողացել անձամբ կարդալ կտակը:

Կտակը կազմելիս և նոտարի կողմից վավերացվելիս կտակարարի ցանկությամբ կարող է ներկա գտնվել վկա: Եթե կտակարարն ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը, վկայի ներկայությունը պարտադիր է:

Եթե կտակը կազմվում և վավերացվում է վկայի ներկայությամբ, ապա այն պետք է ստորագրի վկան: Կտակում պետք է նշվեն վկայի անունն ու նրա բնակության վայրը:

Նոտարը պարտավոր է նախազգուշացնել վկային և կտակարարի փոխարեն կտակն ստորագրող անձին կտակի գաղտնիության պահպանման անհրաժեշտության մասին:

Նոտարը, կտակը վավերացնելիս, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը:

Այն դեպքերում, երբ նոտարական գործողություններ կատարելն օրենքով վերապահված է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հաստատությունների պաշտոնատար անձանց, նոտարի փոխարեն կտակը վավերացնում է համապատասխան պաշտոնատար անձը` կտակի ձևի և դրա նոտարական վավերացման կարգի մասին սույն օրենսգրքի կանոնները պահպանելով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել