Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որի ընդունման արդյունքում կբարելավվի ՊՈԱԿ-ների հաշվետվողականությունը, ինչպես նաև հնարավորություն կըձեռնվի առավել ճշգրիտ գնահատել և վերլուծել ՊՈԱԿ-ների ֆինանսատնտեսական գործունեությունը: Այս ոլորտում կառավարման և հաշվետվողականության համակարգի բարելավման նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել և լրամշակել գործող ձևաչափը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 29-ի N955-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 104-Ն հրամանով հաստատված 2-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ` ՊՈԱԿ) ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում իրենց ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային և փաստացի ցուցանիշների շեղումների մասին հաշվետվություններ:
Վերոնշյալ ձևաչափը նպատակաուղղված է ուսումնասիրել և գնահատել ՊՈԱԿ-ների հաշվետվություններում առկա տեղեկատվությունը` պարզելու համար, թե արդյոք առկա են որևէ ֆիսկալ ռիսկ կամ ռիսկեր, որոնք կարող են ազդել ՊՈԱԿ-ների արդյունքների վրա, ինչպես նաև բացասական ազդեցություն ունենալ ՀՀ պետական բյուջեի վրա: Այստեղ շեշտադրումները դրվում են ՊՈԱԿ-ների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային և փաստացի ցուցանիշների միջև առկա տարբերությունների, ինչպես նաև այդ տարբերությունների հիմնավորումների ուղղությամբ:
Այսինքն, իրականացվում է կազմակերպության ընթացիկ վիճակի ուսումնասիրություն, էական շեղումների բացահայտում և ահազանգում, ինչպես նաև գործունեության գնահատում: Միաժամանակ, կարևորվում է նաև այն հանգամանքը, թե ինչ միջոցառումներ է նախաձեռնել կազմակերպությունը` որևէ էական շեղում շտկելու ուղղությամբ: Կառավարման և հաշվետվողականության համակարգի բարելավման նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել և լրամշակել գործող ձևաչափը: