Արդյոք ամբաստանյալը կարող է հրաժարվել վերաքննիչ վարույթին մասնակցելու իրավունքից։ Թեև օրենքով սահմանված է, որ ՀՀ վերաքննիչ դատարանում բողոք բերած ամբաստանյալի մասնակցությունը պարտադիր է, սակայն, գործնականում, որոշակի պայմանների առկայության դեպքում, ամբաստանյալի բացակայությամբ վերաքննիչ բողոքի քննությունը հնարավոր է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավագիտության դոկտոր պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
«Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանը 20.12.2017թ. թիվ ԵՄԴ/0072/01/16 գործով նշել է. «Գործի նյութերում բացակայում է ամբաստանյալի` ՀՀ վերաքննիչ դատարանի դատական նիստին մասնակցելուց հրաժարվելու մասին որևէ կերպ ձևակերպված տվյալ:
Ավելին` ամբաստանյալի պաշտպանը դատարանի ուշադրությունն է հրավիրել այդ հանգամանքի վրա, ինչպես նաև հայտնել, որ իր վերջին տվյալներով ամբաստանյալը պետք է ներկայանար դատական նիստին և իր առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթուղթ ներկայացներ, քանի որ նրա մոտ նոր հիվանդություն է ախտորոշվել: Նման պայմաններում, միայն ուղեկցող գումարտակի ներկայացուցչի հայտարարությունը` առանց դրա պարզաբանման ուղղությամբ պատշաճ միջոցներ ձեռնարկելու, չէր կարող իրավաչափ հիմք համարվել ամբաստանյալի բացակայությամբ գործի քննությունը շարունակելու համար»:
Այս որոշումից բխում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը հավանաբար ամբաստանյալի բացակայությամբ վերաքննիչ բողոքի քննությունը կհամարեր իրավաչափ հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում`
1) եթե ամբաստանյալը դատական նիստի ընթացքում հստակ կհայտարարեր, որ հրաժարվում է մասնակցել դատական նիստին, կամ
2) ՀՀ վերաքննիչ դատարանը պատշաճ միջոցներ կձեռնարկեր պարզելու հիվանդության պատճառով դատարան նիստին չմասնակցելու հարցը։ Բոլոր դեպքերում, պետք է փաստել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի այս որոշումն առաջին քայլն է, որով, ի հակառակ պոզիտիվ–իրավական կարգավորման, ազդարարվում է ամբաստանյալի կողմից դատական նիստին մասնակցելու իրավունքից հրաժարվելու հնարավորությունը։ Այս հարցի տեսական հիմքերի մասին տե՛ս Ղամբարյան Ա. Դատական նիստին մասնակցելու իրավունքից հրաժարվելը։ Եր.։ Հեղ. հրատ. 2017»։