Հայաստանը ՄԻԵԴ-ի վճռով 48 հազար կվճարի ՀՀ չորս քաղաքացիներին

Գործադիրն այսօրվա նիստին կորոշի արդարադատության նախարարությանը գումար հատկացնել։

Նախագծում նշվում է, որ այս որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` ՀՀ կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի հոկտեմբերի 12-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում 4 դիմումատուներից յուրաքանչյուրին վճարել 12․000 եվրոյին համարժեք դրամ՝ ընդհանուր առմամբ 48․000 եվրո՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 12-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի ապրիլի 12-ն է:

Այս գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, ՀՀ չորս քաղաքացիներ՝ Արթուր Ադյանի, Գարեգին Ավետիսյանի, Հարություն Խաչատրյանի և Վահագն Մարգարյանիկողմից ընդդեմ ՀՀ 2011 թվականի դեկտեմբերի 6–ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 75604/11) հիման վրա:

Նրանք պնդել են, մասնավորապես, որ նրանց նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռներով խախտվել են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով սահմանված երաշխիքները, և իրենց կալանավորման հիմքում ընկած է եղել դատարանների կարծրատիպային պատճառաբանությունը։

Դիմումատուները Եհովայի չորս վկաներ են, որոնք ճանաչվել են զինվորական ծառայության համար պիտանի։

2011 թվականի մայիսին ու հունիսին դիմումատուները զորակոչվել են զինվորական ծառայության։ Նրանք չեն ներկայացել, փոխարենը իրենց բնակության վայրի զինվորական կոմիսարիատ և մարզային դատախազություն են ուղարկել գրություններ՝ հրաժարվելով անցնել զինվորական կամ այլընտրանքային ծառայություն։ Նրանք նշել են Եհովայի վկաներ լինելու հանգամանքը եւ պնդել, որ իրենք, ուսումնասիրելով «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը, հանգել են այն եզրակացության, որ, եվրոպական չափանիշների համաձայն, առկա ծառայությունը չունի լիարժեք
քաղաքացիական բնույթ, քանի որ այն վերահսկվում է զինվորական մարմինների կողմից։ Իրենց խիղճը թույլ չի տալիս իրենց ուղղակիորեն կամ անուղղակիորեն աշխատել զինվորական համակարգի համար։ Հայտնի է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը կազմակերպվել եւ վերահսկվել է զինվորական մարմինների կողմից, քանի որ այլընտրանքային աշխատանքային ծառայողների գրքույկների վրա նշված է եղել «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր», եւ այլընտրանքային զինծառայողները պահպանել են զինվորական կարգապահության կանոնները եւ ենթարկվել են պատիժների, ինչպես նաև «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով հաշվառվել են ՀՀ զինված ուժերի ռազմական
ստորաբաժանումներում։

Օրենքով պահանջվում էր, որ նրանք իրենց ծառայության վայրում մնային շուրջօրյա՝ շաբաթը յոթ օր, ինչը հիշեցնում էր տնային կալանք և անընդունելի էր դիմումատուների համար։
Զինվորական ծառայություն կամ առաջարկվող այլընտրանքային ծառայություն անցնելու պահանջով խախտվում էր, inter alia (ի թիվս այլնի), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իրենց իրավունքները։ Վերոնշյալ պատճառներով նրանց խիղճը թույլ չի տվել նրանց անցնել Հայաստանում առկա այլընտրանքային ծառայություն։ Դիմումատուներն ավելացրել են, որ նրանք պատրաստ են անցնել այլընտրանքային ծառայություն միայն այն դեպքում, եթե այն որեւէ առնչություն չունենա զինվորական մարմինների հետ, և դրանով չխախտվեն իրենց կրոնական համոզմունքները։

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել