Գործադիրն այսօր կքննարկի «Խելացի քաղաքի» ստեղծման նախագիծը։ Այն ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։
«Խելացի քաղաքի» ստեղծման նպատակն է բնակչության կենսամակարդակը զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ և խթանել տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը, ինչպես նաև թվայնացնել ենթակառուցվածքները և ծառայությունները:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում դեռևս լիարժեք թվայնացված չեն ենթակառուցվածքները և ծառայությունները։ Կներդրվեն էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ծառայություններից օգտվելու հնարավորություններ: Այդ պատճառով անհրաժեշտ է մշակել համալիր ծրագիր, որը կդյուրացնի էլեկտրոնային համակարգերի միջոցով մատուցվող ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը:
Արդյունքում կմշակվեն մոտեցումներ, որոնք կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և կխթանեն տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը:
Հայեցակարգը կսահմանի «Խելացի քաղաքի» ստեղծման հիմնական խնդիրները, ուղղությունները, կներառի նաև իրականացվող միջոցառումների ցանկն ու ակնկալվող արդյունքները, այն է՝ ՀՀ տարածքում ստեղծել տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաներով հագեցված (թվայնացված) տարածք, որը նախատեսված է խելացի լուծումների նախագծման, լաբորատոր փորձարկումների և արտադրության համար՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցված կենտրոններով՝ զարկ տալով վերականգնվող էներգետիկային, մաքուր տեխնոլոգիաներին, ճշգրիտ տեխնոլոգիաներին և այլ ինովացիաների:
«Խելացի քաղաքի» ստեղծումը միտված է նաև ենթակառուցվածքների և ծառայությունների թվայնացմանը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության, հայրենական արտադրության և այլ ծառայությունների զարգացման համար:
Միաժամանակ հայեցակարգի 2-րդ հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացումը ֆինանսավորում չի պահանջվում: Ֆինանսավորումը կպահանջվի կոնկրետ խելացի լուծումների ներդրման ժամանակ և այն կարող է իրականացվել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին: