Չի ներվելու ոչ մի զանցանք․ ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել մաքսային ծառայության նորանշանակ աշխատակիցների հետ՝ ներկայացնելով համակարգի առջև դրված խնդիրները: Արհեստավարժ կադրերով համալրելու գործընթացը մշտապես գտնվում է կոմիտեի ղեկավարի ուշադրության կենտրոնում: Կարևորելով մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը, Վարդան Հարությունյանի հանձնարարականով, դեռևս 2016 թվականից նոր մոտեցում է ներդրվել ՊԵԿ կադրային քաղաքականությունում: «Համակարգը համալրվում է ժամանակակից առաջադրանքներով և լուծումներով աշխատելուն պատրաստ, բանիմաց, օտար լեզուների իմացությամբ մասնագետներով: ՊԵԿ-ում պետք է աշխատեն միայն հայրենիքին նվիրված մաքսային և հարկային ծառայողներ: Ձեզանից պահանջվելու է առավելագույնը և չի ներվելու ոչ մի զանցանք»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը:

Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Արդիականացված անցակետերի գործարկմամբ ևս հրատապ է դարձել մաքսային ծառայության համալրումը ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդ կադրերով՝ ապահովելով սահուն սերնդափոխություն. «Նորանշանակ աշխատակիցներից է նաև մեծապես կախված երկրի տնտեսական վարկանիշը, գործարար, և, ընդհանրապես, ներդրումային մթնոլորտի փոփոխությունը, տուրիզմի զարգացումը: Բոլորս գիտակցում ենք, որ ՀՀ սահմանը հատող ցանկացած քաղաքացի, զբոսաշրջիկ կամ տնտեսվարող շփվելով մաքսավորի հետ ձևավորում է առաջին տպավորությունը երկրի մասին»:

Թափուր պաշտոնների համալրման նպատակով ապագա մաքսավորները մրցութային  մի քանի փուլեր են անցել, այդ թվում՝ հարցազրույցների և թեստային: Նոր կադրերի ընտրության հարցում առանձնահատուկ կարևորություն է տրվել մասնագիտական կրթությանը: Դիմորդների հիմնական մասը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների տնտեսական ուղղվածության ֆակուլտետների շրջանավարտներն են, որոնք տիրապետում են մաքսային գործին, ինչն ավելի արդյունավետ է դարձնում  բարձրակարգ կադրերի ներգրավումը: Բոլոր մակարդակները հաջողությամբ հաղթահարողները կոմիտեում աշխատանքի անցնելու հնարավորություն են ստացել: Նրանք նախ վերապատրաստվել են ՊԵԿ ուսումնական կենտրոնում՝ ծանոթանալով մաքսային օրենսդրությանն ու ընթացակարգերին, հետո նոր միայն ընդունվել աշխատանքի՝ եռամսյա փորձաշրջանով: Ընտրությունը կատարվել է խիստ չափորոշիչներով. առաջնությունը տրվել է առավելագույն միավորներ ստացած և ուսումնական գործընթացում բարձր ցուցանիշներով աչքի ընկած մասնագետներին: Նման մոտեցման արդյունքում արդեն իսկ 2017-2018-ից մաքսային ծառայության շարքերը համալրվել են առաջադրված պահանջները բավարարող  շուրջ 150 աշխատակցով:  Եվս 24 հոգի գտնվում է ռեզերվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել