Որո՞նք են հեղինակի գույքային իրավունքները

Գույքային իրավունքներն ապահովում են հեղինակի նյութական շահերը` տալով հեղինակին բացառիկ իրավունք` թույլատրելու կամ արգելելու իր ստեղծագործության կամ դրա օրինակների օգտագործումը։

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 13-ը սահմանում է հեղինակի գույքային իրավունքները: Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև երրորդ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա օգտագործումը, մասնավորապես`

ա) ստեղծագործության վերարտադրումը (վերարտադրման իրավունք).

բ) ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք).

գ) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունք).

դ) ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը (փոխատվության իրավունք).

ե) ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք).

զ) ստեղծագործության վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը (վերափոխման իրավունք).

է) ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք).

ը) ստեղծագործության հրապարակային կատարումը (հրապարակային կատարման իրավունք).

թ) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք).

ժ) ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք).

ժա) ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակման իրավունք).

ժբ) ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք).

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործում։

Հեղինակն իրավունք ունի նաև արգելելու ստեղծագործության՝ առանց իր թույլտվության պատրաստված օրինակների ներմուծումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել