Ի՞նչ է նախատեսում նոր օրենքը. կարող է արդյո՞ք վարչական մարմինը դատական նիստը հրապարակելու վերաբերյալ համաձայնություն չտալ

Վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի  6-րդ մասը սահմանում է, որ դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով կատարվում են դատավարության մասնակցի միջնորդությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ:

 ՀՀ ազգային ժողովի 08.02.2018 թվականի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը(այսուհետ՝ Օրենք):

Համաձայն Օրենքի 1-ին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 6-րդ մասում`

1)«դատավարության մասնակցի միջնորդությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ» բառերը փոխարինել «նիստին ներկա դատավարության մասնակիցների համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ» բառերով:

2)լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Այն դեպքում, երբ դատավարության մասնակից վարչական մարմինը համաձայնություն չի տալիս, ապա  նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը: Այս դեպքում դատարանը որոշում է կայացնում դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ:»

Այսպես, ընդունված օրենքով՝ վարչական մարմինը չի կարող առանց որևէ պատճառաբանության համաձայնություն չտալ դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ:

Օրենքում կատարված փոփոխությունը պայմանավորված է վարչական գործերի հանրային բնույթով և վարչական մարմնի առարկության դեպքում գնահատում է դատարանը:

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել