Գործադիրը վաղը՝ փետրվարի 8-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում կքննարկի ՀՀ Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց գույքահարկից ազատելու մասին նախագիծը։
Նախագիծը նեկայացրել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը, Գևորգ Գորգիսյանը, Լենա Նազարյանը և Էդմոն Մարուքյանը։
Նախագծում ասվում է, որ ներկայումս «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ մասը գույքահարկից ազատում է միայն ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց։ 2017 թվականի նոյեմբերի 15-ի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՕ-195-Ն օրենքի ընդունումից հետո «պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն» հասկացությունը ենթարկվել է բովանդակային փոփոխությունների։ Այդ փոփոխությունների բառացի և տառացի մեկնաբանությունը կարող է նշանակել, որ զինվորական ծառայություն անցնող քաղաքացիները փաստացի կարող են զրկվել գույքահարկի վճարման արտոնություններից։ Այս պայմաններում սույն նախագծի ընդունումը կուժեղացնի զինվորական ծառայություն անցնող ՀՀ քաղաքացիների սոցիալական երաշխիքների համակարգը։
Նախագծի ընդունումը կբարելավի ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց սոցիալական վիճակը։
Ֆինանսների նախարարությունը նշել է, որ ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է փաստել, որ նախագծով ներկայացված առաջարկությունը մի կողմից հակադրվում է գույքահարկով հարկման ընդհանուր տրամաբանությանը, մյուս կողմից ստեղծում է արտոնությունից անհարկի օգտվելու ռիսկեր և չի հանգեցնելու իր առջև դրված խնդիրի իրագործմանը՝ զինվորական ծառայություն անցնող ՀՀ քաղաքացիների սոցիալական երաշխիքների համակարգի ուժեղացմանը: Կարծում ենք, որ նշված նպատակին հնարավոր է հասնել այլ՝ ավելի հասցեական և արդյունավետ գործիքների միջոցով, այլ ոչ թե համայնքային բյուջեների առանց այն էլ սակավ միջոցների հաշվին:
Նախախարության եզրակացության համաձայն ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պետական ու համայնքների բյուջեների ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն և կարող է հանգեցնել համայնքների բյուջեների եկամուտների նվազեցման: