Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի քաղաքապետրանը նոր նախագիծ է ներկայացվել, որտեղ ներկայացվել են քաղաքապետրանի 2017 թվականին իրականացված աշխատանքները՝ տրանսպորտի ոլորտում:
Իրականացվել է ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների նոր երթուղային ցանցի մշակման և ներդման նախապատրաստական աշխատանքներ: Պատրաստվել է նոր ցանցի նախագիծը, որի մասնագիտական ուսումնասիրությանն ու վերջնական հաստատմանը հաջորդելու են բարեփոխման աշխատանքները, ինչպես նաև նոր ցանցի առանձնահատկությունների վերաբերյալ հանրային լայն իրազեկումը:
Շարունակվել են Մետրոպոլիտենի գործող դրենաժային թունելի երկարացման համար կատարվող աշխատանքները: 2018թ. հունվարի 1-ի դրությամբ հորատվել է 345.1 գծմ, այդ թվում 2017 թ.՝ 216.4 գծում: Ավարտվել են ընթացքային թունելների աջ և ձախ պատերին հողանցման շինայի մոնտաժման աշխատանքները՝ 39753մ ընդհանուր երկարությամբ: Մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Գործարանային» և «Մարշալ Բաղրամյան» կայարանների լուսավորությունն արդիականացվել է ԼԵԴ լամպերով, տեղադրվել է ընդհանուր առմամբ 3855 լամպ, որի արդյունքում էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն է ապահովվում:
Քաղաքապետարանի ներկայացրած նախագծի համաձայն՝ ավտոկայանատեղերում իրականացվել են ճանապարհային նշանների վերականգնման և գծանշումների թարմացման աշխատանքներ:
Երևան քաղաքի ավագանու որոշումների հիման վրա կազմակերպվել և կահավորվել են թվով 15 ծառայողական ավտոկայանատեղեր և սահմանվել են թվով 4 տաքսի-ավտոմոբիլների նոր կայանատեղեր:
Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրությունների արդյունքում մի շարք փողոցներում և հրապարակներում կիրառվել են ճանապարհային երթևեկության կազմակերպչական նոր լուծումներ:
Ներքաղաքային երթուղիներում պարբերաբար իրականացվել են ստուգայցեր՝ անբավարար արտաքին տեսք և ուղեսրահ ունեցող տրանսպորտային միջոցների աշխատանքը արգելելու, վարորդների կողմից աշխատանքի ժամանակ ծխելու, երաժշտություն միացնելու դեպքերը բացառելու համար:
Կազմակերպվել է երթուղիների համալրման (փոխարինման) թվով 8 գործընթաց, որոնց ընթացքում կազմակերպությունների կողմից տարբեր երթուղիներում ներկայացվել են, ընդհանուր առմամբ 108 միավոր տրանսպորտային միջոցներ:
Ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում շահագործվող շարժակազմերի (ավտոբուս, տրոլեյբուս, միկրոավտոբուս) ցուցահարթակների թարմացման և գրառումների վերանայման աշխատանքները հետաձգվել են՝ հաշվի առնելով, որ ներկայումս ամբողջությամբ վերանայվում և մշակվում է նոր երթուղային ցանց:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար թվով 5 ավտոբուսների հարմարեցման աշխատանքները հետաձգվել են՝ հաշվի առնելով, որ 2014-2017 թվականների ընթացքում տեղադրված վերելակների շահագործման ընթացքում առաջ են եկել վերելակների անսարքություններ, կառուցվածքային և տեխնիկական տարբեր բնույթի հարցեր, նպատակահարմար է համարվել նախատեսված աշխատանքները հետաձգել, իսկ 2018թ. համար քննարկել նաև այլ կառուցվածքի վերելակային հարմարանքների կիրառման
հնարավոր տարբերակներ:
Թվով 37 ավտոբուսների ուղեսրահներում տեղադրվել են կանգառների սարքեր: