Հունվարի 19-ին Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և քաղաքացիական հասարակության հինգ կազմակերպության ներկայացուցիչներ ստորագրեցին հինգ նոր դրամաշնորհային պայմանագիր: Դրանցից մեկը «ԵՄ-ն կանանց համար. Տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագիրն է:
Երկամյա նախաձեռնությունն իրականացվում է Միացյալ Թագավորությունում Մերձավոր Արևելքի հիմնադրամի և Կանանց զարգացման ռեսուրսային կենտրոնի կողմից: Նախաձեռնությունն աջակցելու է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերի 12 քաղաքացիական հասարակության կազմակերպություններին պաշտպանել կանանց իրավունքները կամ օգնել վտանգի տակ գտնվող կանանց և երեխաներին:
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 446,797 եվրո (ԵՄ ներդրումը`400,000 եվրո) կօգնի այդ ՔՀԿ-ներին սկսել կամ զարգացնել սոցիալական ձեռնարկություններ իրենց կազմակերպությունների և իրենց համայնքների կանանց բարօրությունն ապահովող ծրագրեր ֆինանսավորելու համար: Ինտենսիվ ուսուցման ճանապարհով ՔՀԿ-ները վերապատրաստվելու են բիզնես-գործառնություններում, որոնք կնպաստեն վերջիններիս աշխատանքին և կապահովեն եկամուտով, որը կարող է կայունացնել և ընդլայնել խոցելի կանանց համար իրականացվող ծրագրերը:
Առնվազն 10 սոցիալական ձեռնարկությունների գործունեությունը կզարգանա կամ կբարելավվի՝ հիմնվելով հեռանկարային բիզնես մոդելների վրա (օր.՝ զբոսաշրջություն, արտահանմանն ուղղված ձեռագործ աշխատանքներ, մշակութային արդյունաբերություն, «կանաչ» բիզնես ոլորտներ) և ավելի քան 600 խոցելի կին (մասնավորապես գենդերային բռնության ենթարկված և գենդերային բռնության վտանգի տակ գտնվող կանայք) կգտնի հնարավորություններ կյանքում նոր աշխատանք սկսելու, սոցիալական ձեռնարկություններում ներգրավվելու կամ իրենց կարիքներին համապատասխան ընդլայնված ծրագրերին մասնակցելու ճանապարհով: