ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի համաձայն՝ անհիմն հարստացումը այն իրավիճակն է, երբ անձը (ձեռք բերողը) առանց որոշակի իրավական հիմքերի կամ որևէ գործարք կնքելու ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն. մասնավորապես՝ ձեռքբերողի բանկային հաշվին, առանց վերջինիս իմացության և որոշակի գործողության կատարման, փոխանցվել է որոշակի գումար, որը իրականում պետք է փոխանցվեր տուժողին:
Գործող իրավակարգավորումների համաձայն՝ ձեռք բերողը պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը):
Որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման`
1) այն գույքը, որը տրվել է ի կատարումն պարտավորությունների, մինչև դրանց կատարման ժամկետի վրա հասնելը, եթե պարտավորությամբ այլ բան նախատեսված չէ.
2) վաղեմության ժամկետի ավարտից հետո ի կատարումն պարտավորության տրված գույքը.
3) քաղաքացու մոտ անբարեխղճության բացակայության դեպքում, նրան` որպես գոյության միջոց տրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները, կենսաթոշակները, կրթաթոշակները, նպաստները, կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցումը, ալիմենտը և այլ դրամական գումարներ.
4) ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները և այլ գույքը, եթե ձեռք բերողն ապացուցում է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գիտեր պարտավորության բացակայության մասին կամ գույքը տրամադրել է բարեգործական նպատակներով: