Մարզպետի խորհրդականի սպանության գործը դատարանում է

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործի նախաքննությունը ավարտվել է, գործն ուղարկվել է Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Գործը ընդունվել է դատավոր Վահե Խալաթյանի վարույթ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուզաննա Մկրտչյանը, 1992թ. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ և համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից:

Հերթական անգամ, 2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմաններում, տանը ամուսնու հետ միայնակ մնալուց հետո վերջինս, չնչին առիթն օգտագործելով, տան 2-րդ հարկի իրենց ննջասենյակում կրկին ծեծի է ենթարկել Ռուզաննա Մկրտչյանին: Այնուհետև ննջասենյակից կնոջը դուրս վռնդելուց հետո քնել է: Ռուզաննա Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց ննջասենյակին կից խոհանոցում գտնվելու ժամանակ տեսել է սառնարանի կողքին դրված կացինը և անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել ննջարանում ամուսնու քնած լինելու հարմար առիթն օգտագործելով կացնով սպանել նրան՝ տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար: Ռուզաննա Մկրտչյանը, վերցնելով կացինը, մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն և նրան սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել է Մանուկ Սիմոնյանի գլխին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Սպանությունը կատարելուց հետո նա տուն է կանչել որդուն՝  Նորիկ Սիմոնյանին, և արդեն 2017թ. հուլիսի 23-ին ամուսնու ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում՝ Դալարիկի ձորից շուրջ 30 մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին:

Ռուզաննա Մկրտչյանին մեղադրանք  է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  104 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել