«Ձմեռ պապիկից խաղաղություն եմ ուզում»․ Իրավաբան.net-ի ամանորյա զրույցում նշում է ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամում որպես հանրային իրավունքի ոլորտի փորձագետ Լիլիթ Պետրոսյանը։
-Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ կամ անհաջողություններ ունեցաք այս տարի։
-2017 թվականը մեծապես ձեռքբերումների տարի էր, մասնավորապես հենց 2017 թվականի հունվարին ես անցա աշխատանքի ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամում՝ որպես հանրային իրավունքի ոլորտի փորձագետ: Ինձ համար ձեռքբերում էր իրավական ակտերի մշակման ոլորտում ներգրավվածությունը: Ձեռքբերումների թվին կարելի է դասել նաև ԱՄՆ, Վաշինգտոնում անցկացված Ֆ.Ջեսափի անվան միջազգային դատախաղը, որին մասնակցել եմ որպես ԵՊՀ թիմի անդամ: Մրցույթի արդյունքում Հայաստանը 143 երկրների շարքում զբաղեցրեց 39-րդ հորիզոնականը: Բացի դրանից, 2017 թվականի մրցույթին մասնակցելու արդյունքում ընդունվել եմ Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, և 2018 թվականի հունվարից կրթությունս շարունակելու եմ Բոստոնում:
–Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:
-Այս տարի հնարավորություն եմ ունեցել ճանաչելու և շփվելու շատ պրոֆեսիոնալ և օրինակելի իրավաբանների հետ: Աշխատանքիս բերումով կցանկանայի առանձնացնել հիմնադրամի տնօրեն, ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետի դասախոս Տիգրան Մարկոսյանին, ով մշակվող սահմանադրական օրենքների և ՀՀ-ի համար կարևորագույն նշանակություն ունեցող այլ օրենքների մշակման ակունքներում է կանգնած եղել, ումից թե որպես գործատու, և թե որպես դասախոս մշտապես սովորելու բաներ ունես:
–Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում:
-Ինձ հաճելիորեն զարմացրեց իրավական ակտերի հանրային քննարկման փուլում քաղաքացիների ներգրավվածությունը և իրազեկման աստիճանը:
–Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
-Եթե Ձմեռ պապիկը լիներ իրավաբան, ապա նրան կտայի Երեխաների երազանքների պաշտպանի պաշտոնը :-)։
– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
-Ամանորը և Սուրբ ծննդյանը տոները մշտապես անցկացնում եմ ընտանիքիս և ընկերներիս հետ:
–Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
-Խոհանոցում գլխավոր դերը մայրիկինս է, ում գերազանցելը դժվար է, իսկ ես, թերևս, նրա օգնականի դերում եմ:
– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:
-Ակնկալում եմ հաջողությամբ ավարտել Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը և վերադառանալ հայրենիք՝ ձեռքբերված փորձս և գիտելիքներս ֆակուլտետում և պետական համակարգում կիրառելու համար:
Ալիսա Չիլինգարյան