Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 9-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հակակոռուպցիոն միջոցառում։
Քննարկումներ էին կազմակերպվել ՀՀ 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության 4 թիրախային ոլորոտների վերաբերյալ՝ կրթություն, առողջապահություն, պետեկամուտների հավաքագրում և ոստիկանություն։
ՊԵԿ հավաքագրման ոլորտում առկա խնդիրների և դրանց համար առաջարկվող լուծումների քննարկումը վարեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։ Նա ընդգծեց այն փաստը, որ ներկայացված առաջարկությունները մեծամասամբ ընդունվել են ՊԵԿ-ի կողմից։
Հանդիպմանը ներկա ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը, նշեց, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում մի շարք ծրագրեր են իրականացվել, որոնց արդյունքում զգալի նվազել են կոռուպցիոն դեպքերը։
«ՔՀԿ-ների մասնակցությունը նման քննարկումներին և կոռուպցիայի դեմ պայքարում մենք համարում ենք շատ կարևոր, մասնավորապես ՊԵԿ գործառույթների շրջանակներում»,-ասաց Ա. Սաքապետոյանը։
Նա մանրամասնեց, որ միջոցառումների ծրագիրը շուրջ 5-6 ամիս քննարկվել է տարբեր հարթակներում, այդ թվում ՀԿ-ներում։ Նրա խոսքով, կառույցում տեղի են ունեցել խոշոր կրճատումներ՝ շուրջ 500 հաստիք, կառուցվածքային փոփոխություններ են եղել, որոնք էական ազդեցություն են բերել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցում։
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից անկախ փորձագիտական հանձնախմբի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց ՊԵԿ-ին ուղղված առաջարկություններից առաջնային մի շարք կետեր ու նորամուծություններ՝ նշելով, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը, ներպետական օրենսդրության վերլուծություններ են արվել, կազմվել են ֆոկուս խմբեր՝ քաղհասարակության ներկայացուցիչների հետ։
Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ ՀՀ-ում այժմ գործում է մաքսային հսկողության 3 տեսակ՝ «Կանաչ» (առանց զննման), «Դեղին» (փաստաթղթային զննում), «Կարմիր» (ֆիզիկական զննում) գոտիներն են, իսկ այժմ առաջարկվում է ներդնել նաև 4-րդ՝ «Կապույտ»(հետբացթողումային աուդիտ) գոտին։
«Երբ համակարգը ընտրողականության միջոցով ընտրում է այս կամ այն մաքսային բեռը կամ ապրանքը, որը պետք է անցնի «Կապույտ գոտի» ընթացակարգով, այն ենթադրում է, որ ապրանքը դուրս է թողնում մաքսային սահմանից և որոշակի ժամանակ հետո՝ հետբացթողումային աուդիտի միջոցով ապրանքը կենթարկվի ստուգման՝ մաքսային մարմինների կողմից»,-մանրամասնեց նա։
Նշենք, որ կվերանայավեն նաև ընտրողական համակարգի չափորոշիչները։
Եվս մեկ կարևոր առաջարկ է արվել ՊԵԿ-ին՝ այն է, ավտոմեքենաների ներմուծման ժամանակ առցանց հաշվիչի տեղադրումն է։ Այսինքն, ՀՀ տարածք ավտոտրանսպորտային միջոցներ ներմուծելու դեպքում տնտեսվարողները կկարողանան ՊԵԿ կայքի միջոցով հաշվարկել, թե տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար մաքսազերծումը ինչ կարժենա։
«Շատ դեպքերում մաքսակետերում տնտեսվարողների անիրազեկվածության պատճառով կարող են հաշվարկվել նախատեսվածից ավելի շատ գումարով, իսկ այս համակարգի միջոցով տալիս ենք կողմնորոշիչ գին»,-պարզաբանեց Սյուզաննա Սողոմոնյանը։
Նրա խոսքով, կոռուպցիոն ռիսկեր դրսևորովում են ոչ միայն մաքսային կամ հարկային մարմինների կողմից, այլ նաև տնտեսվարողների։ «Երբ նրանք իրազեկված չեն կամ վախի մթնոլորտում են գտնվում, երբեմն ստիպված դիմում են կոռուպցիոն առաջարկների ու մաքսային կամ հարկային տեսուչների հետ համաձայնության են գալիս»,- նշեց փորձագետը։ Նա նաև հավելեց, որ նախատեսվել է նաև հանրային իրազեկման բլոկ ստեղծել։