Ճանապարհաշինական ընկերություններն իրենց բազաներում արդեն կուտակել են աղի ու ավազի պաշարները, պատրաստ վիճակի բերել ձյուն մաքրող տեխնիկան:
Առաջին կանգառը Սարավանի ոլորաններն են։ Ձմեռվա ընթացքում այստեղ շրջադարձերը վտանգավոր են, բուքը՝ հաճախադեպ։ Սպասարկող ընկերության տնօրենը նշեց, որ բավարար աղ ու ավազի պաշար կուտակել են, տեխնիկա ունեն, ճանապարհների ձնամաքրման աշխատանքները կատարվում են հերթափոխով:
Սիսիանի տարածաշրջանով անցնող միջպետական ավտոճանապարհները սպասարկում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը, որը պատասխանատու է 52 կմ միջպետական ճանապարհահատվածի համար: Այստեղ պահեստավորել են 4200 տոննա աղ ու ավազ, սարքին վիճակում է 16 մեքենա:
Կապանի ճանապարհաշինարարները նույնպես շուրջօրյա հերթապահությամբ սպասարկում են:
Նախարար Վահան Մարտիրոսյանը Կապանի տարածաշրջան իր վերջին այցելության ժամանակ հանձնարարել էր ուսումնասիրել ճանապարհի առավել վատ վիճակում գտնվող հատվածները: 1960-ական թվականներից այս ճանապարհը չէր հիմնանորոգվել։
Պետբյուջեի միջոցների հաշվին 2017թ. այստեղ հատվածաբար կատարվել է 12 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը: Հիմա այն երթևեկելի է, եկող տարի աշխատանքներն ավարտին կհասցվեն պետական բյուջեից հատկացված ևս 1.5 միլիարդ դրամով: Բացի այդ, կվերականգնվի ջրահեռացման համակարգը: Եկող տարվա շինաշխատանքների համար Սյունիքի մարզում ևս 1 միլիարդ դրամ է նախատեսված:
Մեղրու լեռնանցքը հանրապետության ճանապարհային ամենաբարձր կետն է` ծովի մակարդակից 2535 մ-ի վրա։ Այստեղ ձմեռը շուտ է սկսվում, տևում է գրեթե 6 ամիս։ Առատ ձյունն ու քամին ճանապարհաշինարարներին ստիպում են զգոն լինել օրը 24 ժամ։ Ձմեռում են ճանապարհային տնակում, անընդհատ մշակում ճանապարհը, որպեսզի մշտապես անցանելի լինի։
Մեղրիի ճանշինի տնօրեն Ազատ Գասպարյանը նշեց, որ աշխատելով հանրապետության ամենաբարդ հատվածներից մեկում՝ կարողանում են ամբողջ ձմեռ ճանապարհը բաց պահել։
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը թեև կատարվող աշխատանքից դժգոհ չէր, բայց նշեց, որ դեռ վաղ է գնահատական տալ, կատարված աշխատանքների որակը կերևա գարնանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ճանապարհների ձմեռային սպասարկման որակը բարելավելու նպատակով նախորդ տարվանից սկսել էր ձյուն մաքրող տեխնիկայի վրա թրեյքերների տեղադրումը: Այսօր արդեն միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող մեքենաների մեծ մասը համալրված է «GPS» սարքավորումներով: Այնպես որ՝ ճանապարհաշինարարների աշխատանքին նախարարությունն այժմ հետևում է ոչ միայն այցերի միջոցով, այլև առցանց: