Ֆրանսիայում դատարանըմերժել է վարույթ ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայցը, որոնք զրպարտության մեջ էին մեղադրել երկու ֆրանսիացի լրագրողներ Էլիզ Լյուշեին և Լորան Րիշարին: Լյուշեն 2015 թվականի սեպտեմբերին France 2 հեռուստաալիքի վերլուծական հաղորդման ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը ղեկավարում է «աշխարհի ամենադաժան բռնապետերից մեկը», իսկ Րիշարը France Info ռադիոյին տրված հարցազրույցում Ադրբեջանը կոչել է «բռնապետություն»: Այս մասին գրում է Current Time լրատվականը։
2014 թվականի մայիսին Րիշարը Բաքվում սյուժե էր նկարահանում «խավիարային դիվանագիտության», հատկապես ոչ ֆորմալ կապերի վերաբերյալ, որոնք Ադրբեջանի իշխանությունները փորձում էին հաստատել ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ: Լրագրողն ու իր օպերատորը ձերբակալվել էին, իսկ ոստիկանությունը առգրավվել էր բոլոր տեսանյութերը:
Հայցվորը պահանջում էր, որպեսզի լրագրողները տուգանվեն 12.000 եվրո իրենց արտահայտությունների համար, իսկ նյութերը, որոնցում նրանք Ադրբեջանը անվանում են բռնապետություն՝ հանվեն եթերից: Նյութական վնասի հատուցման վերաբերյալ հայց չի առաջադրվել և պատասխանողներից պահանջել են սիմվոլիկ 1 եվրո: Սակայն դատարանը հրաժարվել է հայցը վարույթ ընդունել:
Լորան Րիշարը գոհ է դատարանի որոշումից․ «Օտար պետությունը չի կարող գրաքննություն պահանջել ո՛չ քաղաքացուց, և ո՛չ էլ լրագրողից: Դատարանի որոշումը մեզ թեթևության զգացում տվեց: Չնայած դա սպասելի էր: Դա կարևոր է ոչ միայն մեզ համար, այլ նաև բոլոր ֆրանսիացի լրագրողների և առհասարակ մամուլի ազատության համար: Դա ազդանշան է օտար պետությունների համար, որ նրանք Ֆրանսիայում չեն կարող լրագրողներին գրաքննության ենթարկել, ինչպես նրանք դա անում են իրենց պետություններում: Դա ֆրանսիական արդարադատության հաղորդագրությունն է Ադրբեջանին, բայց նաև այլ պետություններին, ինչպիսինն է նաև Հյուսիսային Կորեան, որը նույնպես կարող է ցանկանալ դատի տալ լրագրողներին, որոնք այդ երկրի ռեժիմը նկարագրում են որպես ավտորիտար կամ բռնապետական»,- նշել է նա՝ currenttime.tv-ին տված հարցազրույցում:
2017 թվականի Մամուլի ազատության համաթվում, որը հրապարակում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Ադրբեջանը 180 երկրներից գտնվում է 162-րդ տեղում, ինչը նշանակում է, որ լրագրողները այդ երկրում աշխատում են մեծ սահմանափակումներով: Զեկույցի հեղինակները ուղղակիորեն կոչում են Իլհամ Ալիևին «Մամուլի ազատության թշնամի», սակայն այդ երկրի իշխանությունները հերքում են մեղադրանքները: