Դասընթաց ՀԿ-ների համար՝ առանց խոչընդոտի և օրինական աշխատելու համար

«Դասընթացն արդյունավետ էր և լավ կազմակերպված: Սակայն կան հարցեր, հատկապես հարկային մարինների հետ աշխատանքի վերավերյալ, որոնք պարզաբանված չեն»,- այս մասին ասաց «Հաբիթաթ ֆոր հումանիթի Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Մեսրոպյանը՝ խոսելով այսօր Երևանում քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված դասընթացի մասին:

Նշենք, որ այս տարվա սկզբին ուժի մեջ է մտել «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքը, որը մի շարք նոր իրավունքներ է ընձեռում ՀԿ-ներին, միևնույն ժամանակ նոր պարտավորություններ սահմանում նրանց համար: Դասընթացը նվիրված էր նոր օրենսդրության կարգավորումներին:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Արմինե Չախալյանը ավելի քան տասը ՀԿ ներկայացուցիչների ներկայացրեց նոր օրենքով սահմանված կարևոր դրույթները, դեռևս պարզաբանված դրույթները և խնդրահարույց հարցերը:

Նշենք, որ Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում ՀԿ ներկայացուցիչների համար դասընթացներն ու անվճար իրավաբանական խորհրդատվությունները իրականացվում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել