Ռուսաց լեզվի գերազանց դասավանդումն ու տիրապետումը՝ ԿԳՆ-ի նոր նախագծում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջանառության է դրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման համակարգի զարգացմանն ուղղված  մի նախագիծ:

Փաստաթղթում նշվում է, որ նկատի ունենալով բոլոր բնագավառներում ժամանակակից մասնագետների պատրաստման գործում օտար լեզուների իմացության կարևորությունը` ՀՀ կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) և արևելյան (արաբերեն, պարսկերեն, չինարեն և այլն) լեզուներ:

Նախարարությունը պնդում է, որ ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս:

Արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաև համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը մեր երկրում առաջացնում են  հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր և անհրաժեշտություն:

Կրթական համակարգում որպես ռուսաց լեզվի ուսումնասիրման և դասավանդման համակարգի զարգացման նպատակներ են առանձնացվել.

  • սովորողի բազմակողմանի զարգացումը ռուսաց լեզվի՝ հաղորդակցական կարողությունների ձևավորման միջոցով,
  • ռուսաց լեզվի հանրայնացման և Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման և ուսումնասիրման համակարգի զարգացման հիմնախնդիրների համակարգային լուծումները,
  • ռուսաց լեզվի կրթական ծրագրերի բովանդակության, ինչպես նաև ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկայի արդիականացումը,
  • ռուսաց լեզու դասավանդողների աշխատանքի որակի բարձրացումը,
  • հանրամատչելի տեղեկատվական պաշարների զարգացումը, որն անհրաժեշտ է կրթական ծրագրերի, այդ թվում նաև էլեկտրոնային ուսուցման, սովորողների և մանկավարժների գործունեության իրականացման համար,
  • բարձրացնել կրթական համակարգի բոլոր աստի­ճաններում (նախադպրոցական, դպրո­ցական, բուհական) ռուսաց լեզվի ուսուցման որակը:

Նշենք նաև, որ ըստ նախագծի «Ռուսաց լեզու» առարկայի ծրագրերը լիովին չեն ապահովում սովորողների հաղորդակցական կարողությունների մակարդակը: Շատ շրջանավարտներ չեն տիրապետում բանավոր և գրավոր խոսքի հմտություններին, գրական ռուսաց լեզվի և խոսքի կանոններին, ըստ որի անհրաժեշտություն կա ստեղծել ռուսաց լեզվի նոր սերնդի դասագրքեր` տարբերակման և անհատականացման հիման վրա կազմված:

Այս ամենից ելնելով, երիտասարդները պետք է տիրապետեն՝

  • լեզվական գործունեության բոլոր տեսակներին (լսողություն, ընթերցանություն, խոսք, գիր), ունենան հաղորդակցման բոլոր բնագավառներում խոսքի հմտությունների ճիշտ օգտագործման կարողություն.
  • բանավոր և գրավոր խոսքի գրագիտության ձևավորմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել