Հայաստանի Հանրապետության կառավարության ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2017 թվականի հուլիսի 6-ի N 782-Ն որոշման համաձայն՝ ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` XVIII.I. գլխով.
«XVIII.I. ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԱԾ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՀԱՑԱԴՈՒԼ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ) ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
173.1. Հացադուլը կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից գիտակցաբար և սեփական կամքով ցանկացած տեսակի սննդամթերքից և (կամ) ջրից որոշակի ժամկետով կամ անժամկետ հրաժարվելն է, ինչի մասին վերջինս բանավոր կամ գրավոր հայտարարություն է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի վարչակազմ:
173.2. Հացադուլ իրականացնող անձի կողմից հացադուլ իրականացնելու մասին հայտարարությունը ենթակա է անհապաղ արձանագրման քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Հացադուլ իրականացնելը չի հանգեցնում կալանքի տակ գտնվելու կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման և նրա համար չի կարող առաջացնել անբարենպաստ հետևանքներ:
173.3. Հացադուլ իրականացնելու փաստը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից արձանագրվելուց հետո քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրան փոխարինող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հաղորդում է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին և դատախազության համապատասխան ստորաբաժանում, իսկ կալանավորված անձի դեպքում` նաև քրեական վարույթն իրականացնող մարմին` նշելով հացադուլ իրականացնող անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման համար նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը կամ նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ, կալանավորման կամ պատժի սկիզբը, հացադուլի պատճառը, հացադուլ իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը (դրա առկայության դեպքում), այն սկսելու տարեթիվը, ամիսը, օրը և ժամը:
173.4. Հացադուլ իրականացնող անձի համաձայնության առկայության դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դրա մասին անհապաղ տեղեկացնում է նրա փաստաբանին (եթե հացադուլ իրականացնող անձն ունի փաստաբան), նրա մերձավոր ազգականներից մեկին կամ նրա կողմից ընտրված անձին: Հացադուլ իրականացնող անչափահաս անձի դեպքում նրա համաձայնությունը չի պահանջվում:
173.5. Հացադուլ իրականացնող անձի կողմից հացադուլ իրականացնելու վերաբերյալ հայտարարության մասին քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հայտնելուց հետո իրենց իրավասության շրջանակներում համապատասխան աշխատանքներ են իրականացնում ավագ բուժաշխատողը (այսուհետ` բժիշկ) և սոցիալական կամ հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը:
173.6. Հացադուլ իրականացնող անձի համաձայնության առկայության դեպքում նա ենթարկվում է անհրաժեշտ բժշկական զննության և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հացադուլ իրականացնելու փաստի արձանագրման պահից 24 ժամվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի պետի կամ նրան փոխարինող անձի որոշմամբ տեղափոխվում է այդ նպատակով հատուկ առանձնացված խուց` հնարավորինս հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները` անկախ ուղղիչ հիմնարկի տեսակից (բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների): Խուցը պետք է առնվազն ապահովված լինի սույն կանոնակարգի 46-րդ կետով նախատեսված պայմաններով:
173.7. Հացադուլ իրականացնելու ժամանակահատվածում հացադուլ իրականացնող անձը գտնվում է մշտական (ամենօրյա) բժշկական հսկողության ներքո: Բժիշկը հացադուլ իրականացնող անձին նրան հասկանալի լեզվով ներկայացնում է սննդամթերքից և (կամ) ջրից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնողի առողջական վիճակի չվատթարացման նպատակով:
173.8. Մինչև հացադուլի դադարեցումը բժիշկը յուրաքանչյուր օր պարզում է հացադուլ իրականացնող անձի կողմից սննդամթերքի և (կամ) ջրի ընդունումից հրաժարվելու հետևանքով գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում` արհեստական սնուցման ձևով) տրամադրելու վերաբերյալ համաձայնության առկայության կամ բացակայության հանգամանքը և դրա մասին կատարում գրառում նրա բժշկական քարտում:
173.9. Հացադուլ իրականացնող անձի նկատմամբ չպետք է կիրառվի որևէ ճնշում հացադուլը դադարեցնելու նպատակով: Նրան տրամադրվող բժշկական օգնությունը և սպասարկումը չեն կարող պայմանավորվել հացադուլը դադարեցնելու միտումով:
173.10. Հացադուլ իրականացնող անձի գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում վերջինիս առանց իր համաձայնության տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում` արհեստական սնուցման ձևով) միայն կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բժշկի պատճառաբանված գրավոր եզրակացության հիման վրա: Բժշկական օգնությունը և սպասարկումը պետք է իրականացվեն մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններում` պահպանելով հացադուլ իրականացնող անձի հիմնական իրավունքները և ազատությունները:
173.11. Հացադուլ իրականացնող անձի հարկադիր կերակրումն արգելվում է:
173.12. Հացադուլ իրականացնելու ընթացքում հացադուլ իրականացնող անձին օրվա կարգացուցակով նախատեսված ժամերին առաջարկվում է օրվա սննդաբաժինը, իսկ հրաժարվելու դեպքում նշում է կատարվում քրեակատարողական հիմնարկի օրվա ճաշացանկից չօգտվողների ցուցակում:
173.13. Հացադուլ իրականացնող անձի տեղափոխումն այլ քրեակատարողական հիմնարկ, քննչական գործողությունների կատարման վայր կամ դատարան իրականացվում է ընդհանուր հիմունքներով, անհրաժեշտության դեպքում, բուժաշխատողի ուղեկցությամբ:
173.14. Հացադուլը դադարեցնելու վերաբերյալ հացադուլ իրականացնող անձի հայտարարությունից կամ անհրաժեշտ սննդամթերքը և (կամ) ջուրն ընդունելուց հետո քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրան փոխարինող անձը դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հաղորդում է ներկայացնում 173.3-րդ կետում նշված պետական մարմիններին և պաշտոնատար անձանց: Բժշկի կողմից հացադուլ իրականացնող անձի բժշկական քարտում հացադուլը դադարեցնելու վերաբերյալ հացադուլ իրականացնող անձի հայտարարության կամ անհրաժեշտ սննդամթերքը և (կամ) ջուրն ընդունելու մասին կատարվում է համապատասխան գրառում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ