Այսօր «Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործով անցնող ամբաստանյալ Արա Կիրակոսյանը պետք է վերջին խոսով հանդես գար, սակայն նիստը կրկին հետաձգվեց։
Կիրակոսյանի նոր պաշտպան Հայկ Ալումյանը, ով նախորդ նիստին է ներգրավվել, հայտնեց, որ թեև դատավորն իրեն բավականին ժամանակ էր տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն օբյեկտիվ պատճառներով փաստաբանը լիարժեք չի ուսունասիրել գործը․ «Մեկ տարուց ավելի դատավարություն է անցել, դատական նիստի ձայնագրությունը այնքան մեծ էր, որ ես ուղղակի հասցրեցի դատական նիստի ձայնագրությանը ծանոթանալ, իսկ գործի նյութերին ամբողջությամբ չեմ հասցրել ծանոթանալ, սա իմ կարծիքով օբյեկտիվ պատճառ է»,- նշեց փաստաբանը և միջնորդեց լրացուցիչ 10 օր տրամադրել իրեն։
Արա Կիրակոսյանը հավելեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում նոր պաշտպանի հետ ակտիվ աշխատել է, հասել են ավարտական փուլին, սակայն լիարժեք վերջին խոսք ունենալու համար միանում է միջնորդությանը։ Այնուհետև ամբաստանյալը նշեց․ «Մենք նաև խնդիր ունենք քաղաքացիական հայցի հետ կապված, ես շատ կուզենայի, որ քաղհայց ներկայացնողներն անպայման դատական նիստին մասնակցեն»,- ամբաստանյալը մանրամասնեց, որ որոշ հարցեր ունի հայցվորներին։ Մեղադրող դատախազը չառարկեց միջնորդության դեմ։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց փաստաբանի միջնորդությունը․ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան նախատեսում է, որ անձը պետք է ունենա բավարար ժամկետ և միջոցներ իր պաշտպանությունը պատշաճ իրականացնելու համար։ Հաշվի առնելով, որ դատական քննությունը երկար ժամանակում է ընթացել, քրեական գործով նյութերը մեծածավալ են, իսկ պաշտպանական կողմի միջնորդությունը ողւամիտ, դատարանը որոշում է բավարարել միջնորդությունը և հետաձգել դատական նիստը»,- շեշտեց պարոն Մարտիրոսյանը, իսկ հայցվորների, այսինքն՝ Հայբիզնեսբանկի ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ ամբաստանյալին տեղեկացրեց, որ դատարանը համապատասխան ծանուցումներ կուղարկի նրանց, սակայն վերջիններս պետք է որոշեն՝ ներկա գտնվել նիստին, թե՝ ոչ։
Հիշեցնենք՝ Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումարը հափշտակելու, ապա օրինականացնելու համար։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Կիրակոսյանը, 2006 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածում հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության Վարչության նախագահը, բանկի 07.10.2011թ. հաստատված Կանոնադրության 9.3 կետով սահմանված իր կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Ռոբերտի Եսայանի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Զեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Սերուժի Մանուկյանսի, Շվեյցարիայի Համադաշնության ժնև քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Աբրահամի Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Վաչիկի Դաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊ հիմնադիր֊տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Ամիրբեկի Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ամիսը ներառյալ ժամանակահատվածում, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ, խարդախությամբ՝ խաբեության եղանակով հափշտակել, ապա օրինականացրել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից, «Սբերբանկ» ՓԲ ընկերության միջոցով (միջնորդությամբ), «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություն (այսուհետ սույն որոշման մեջ կարող է նշվել նաև Բանկ) փոխանցված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար, որից՝ 1.000.000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, Բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9.980.000 եվրոն՝ «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու և վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով, ենթակա է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությունները իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ երկայացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն է ստանձնել։
Գործի դատաքննությունն անցկացվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Գ․Թ․