Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգում գրանցվելու համար, 1041 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելուց բացի, արդեն իսկ գործարկվել է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքի միջոցով գրանցվելու եղանակը:
Կայքի միջոցով համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի «ՃՈ ծանուցում SMS-ով» բաժինը, որտեղ «Հեռախոսահամար» դաշտում մուտքագրել այն հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում եք ստանալ ծանուցումները, և սեղմել «Ստանալ կոդը» կոճակը: Դրանից հետո տվյալ հեռախոսահամարին կարճ (SMS) հաղորդագրության միջոցով կուղարկվի հաստատման կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել «Հաստատման կոդ» դաշտում և սեղմել «Գրանցվել» կոճակը:
Այնուհետև համապատասխան դաշտերում անհրաժեշտ է լրացնել տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-համարը և հաշվառման համարանիշը: Եթե ուղարկված տվյալները ճիշտ են և հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա կարճ (SMS) հաղորդագրություն այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կուղարկվեն կարճ (SMS) հաղորդագրության միջոցով:
Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն և հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան բովանդակությամբ պատասխան կարճ (SMS) հաղորդագրություն:
Անձը հնարավորություն ունի հեռացնելու արդեն իսկ գրանցված հեռախոսահամարը՝ «Դադարեցնել գրանցումը» դաշտում մուտքագրելով տվյալների նույն եռյակը (հեռախոսահամար, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-համարը և հաշվառման համարանիշը): Կայքում հեռախոսահամարը գրանցելը և ծանուցումներն ստանալն անվճար են: