Իրավաբան.net կայքի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը:
– Ինչո՞վ առանձնացավ 2016թ. թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:
– Բավականին հագեցած ու լարված տարի էր: Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից բազմաթիվ բացթողումներ և կոպտագույն խախտումներ տեղի ունեցան, հանիրավի խոչընդոտվեցին լրագրողների մասնագիտական աշխատանքները:
Բացի այդ, հասարակության կողմից, ցավոք սրտի, շարունակվում է դատական համակարգի նկատմամբ ունեցած վստահության ճգնաժամը: Թեև ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է խոստովանեմ, որ առանձին վերցրած դատավորներ, իրենց վրա կրում են արդարադատություն իրականացնելու այն ծանր ու պատվաբեր առաքելությունը, որի համար կոչված են:
Անցնող տարում ուժի մեջ մտան փոփոխության ենթարկված սահմանադրության առանձին գլուխներ, որոնք դեռևս «կյանք» մտնելու ճանապարհին են և ինչ խոսք, որոշակի ժամանակ է պետք՝ այդ նորմերին շունչ հաղորդելու համար:
Առանձնահատուկ գործընթաց էր նոր ընտրական օրենսգրքի ընդունումը: Հանդիսանալով սահմանադրական օրենք, այն, ըստ էության, իշխանության ձևավորվան բացառիկ գործիքակազմն է, որի գործադրմամբ հասարակությունը պետք է ձևավորի իրեն պատկանող իշխանությունը: Այլ հարց է, թե դրա նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունենք յուրաքանչյուրս:
Բացի այդ, կարևորում եմ նաև ապօրինի հարստացման քրեականացման գործընթացը, թեև կարծում եմ, որ կարելի էր ավելի արմատական լուծման գնալ:
Դատաիրավական համակարգում ինձ համար հարցերի հարցը մնում է քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը: Ես պնդում եմ, որ ըստ էության, չի գործում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը կամ գործում է ընտրովիաբար:
ԴԱՀԿ ծառայության հետ կապված խնդիրները շարունակում են մնալ նույնը: Որպեսզի ավելի առարկայորեն խոսենք, ընդամենը մեկ օրինակ եմ ցանկանում նշել. ՀՀ վարչական դատարանի կողմից շուրջ 8 ամիս առաջ կատարողական թերթ է տրամադրվել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմնից ապացույց ներկայացվի դատարան, սակայն մինչ օրս ԴԱՀԿ ծառայությունը չի բարեհաճում կատարել այն:
– Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը (Ձեր ոլորտի):
– Գիտե՛ք, իսկապես մեր ոլորտում կան բազմաթիվ մասնագետներ, ովքեր աչքի են ընկնում իրենց բարեխղճությամբ, մարդկային լավագույն որակներով, պրոֆեսիոնալիզմով, որոնցից կարելի է մշտապես սովորել, ընդօրինակել: Ես ձեռնպահ եմ մնում կոնկրետ անուններ տալուց՝ վստահաբար պնդելով, որ նրանք մեկից շատ են:
– Կա՞յին զավեշտալի դատական գործեր և դատական, իրավական ակտեր:
– Իհարկե, այդպիսի դեպքեր շատ են եղել: Բայց դրանցից հատկապես մեկն իսկապես ինձ համար տպավորիչ էր:
Դատական նիստերից մեկում, երբ դատավորը պարզում էր ամբաստանյալի ինքնությունը, ով զինվորական էր, անսպասելի նրան հարցրեց, թե ինչ առողջական խնդիրներ ունի:
Այդ պահին նշված սպան ընդունեց զգաստ կեցվածք և շատ խրոխտ հայտարարեց. -ֆիզիկապես առողջ, հոգեպես կայուն:
Լիաթոք ծիծաղելուց հետո բոլորս անկեղծորեն մաղթեցինք, որ մեր բոլոր սպաներն իսկապես լինեն ֆիզիկապես առողջ և հոգեպես կայուն:
– Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց դատաիրավական համակարգում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):
– Ինձ զարմացրեց Նոր ընտրական օրենսգրքի ընդունման ողջ ընթացքը, դրա վերաբերյալ մեր հասարակության արձագանքը, ինչպես նաև ապօրինի հարստացման քրեականացումը, որը թեև ողջունելի գաղափար է, բայց իր կենսունակության առումով բավականի խոցելի:
Ինձ զարմացրեց նաև մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի և գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի սպասելի կամ անսպասելի հրաժարականները՝ դրանց բոլոր հետևանքներով ու ենթատեքստերով հանդերձ: Հասկացա, որ պետական ինստիտուցիոնալ կառույցները դեռևս կայանալու խնդիր ունեն՝ զերծ անհատի սուբյեկտիվ դրսևորման կամայականություններից:
– Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
– Եթե Ձմեռ պապը իրավաբան լիներ, հավանաբար, ես կհորդորեի իրավասու անձանց, որ նրան ընտրեին Մարդու իրավունքների պաշտպան:
– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
– Ինչպես միշտ, Ամանորի և Սուրբ ծննդյան տոները նշում եմ ծնողներիս, եղբայրներիս հետ: Ընտանիքներով հավաքվում ենք մեր հայրական տանը և հայրիկիս գլխավորությամբ դիմավորում Նոր տարին:
– Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
– Ցավոք սրտի, հեռու եմ խոհանոցից և չեմ հայտնվել այդպիսի դերում:
– Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:
– Նախևառաջ կցանկանայի, որ լիներ խաղաղության տարի, և յուրաքանչյուրս կարողանայինք մեր գործունեությամբ նպաստել մեր երկրի զարգացմանը:
Ակնկալիքներն իսկապես մեծ են: Հույս ունեմ հաջողությամբ իրականացնել մի քանի ծրագրեր, որոնք միտված կլինեն մարդու իրավունքների պաշտպանությանը:
– Ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:
– Վերադարձնել իմ մանկությունը…
Գ.Թ.