Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը փոխվում է: Այսօր կառավարության նիստին նոր որոշում ընդունվեց:
Գործադիրում ի վերջո խոստովանում են՝ համապատասխան որոշումը, որն պետք է կարգավորեր այս խորհրդի գործունեությունը թերի է և ոչ լիարժեք: Մասնավորապես կառավարության նոր որոշման հիմնավորումների մեջ ասվում է. «Սահմանվել է, որ Խորհրդի կազմում ընդգրկվում են նաև 2 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն Խորհրդի ստեղծման պահից դեռևս ոչ մի հասարակական կազմակերպություն չի անդամակցել վերջինիս: Չանդամակցելու պատճառներ են հանդիսանում հասարակական կազմակերպություններին ներկայացվող խիստ չափանիշները, հասարակական կազմակերպությունների թվաքանակի հետ կապված խնդիրները»:
Նշենք, որ այս մասին մշտապես բարձրաձայնել է Իրավաբանների հայկական ասոցիացիան և ՔՀԿ-ներ հակակոռուպցիոն կոալիցիան: Այսօր կառավարությանը ներկայացնելով նախագիծը՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ գերատեսչությունը կատարել է որոշակի փոփոխություններ, որոնք համաձայնեցվել են քաղհասարակության ներկայացուցիչների հետ. «Առաջարկում ենք ավելացնել ՔՀԿ ներկայացուցիչների թիվը, 2-ի փոխարեն դարձնել 4-ը, ընդ որում՝ ներառել այնպիսի ՔՀԿ-ներ, որոնք բիզնես ոլորտի կազմակերպություններ են, ներառել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայից մեկ ներկայացուցիչ: Բացի այդ, ներառվելու է նաև ՄԻՊ-ը, ավելի են մեղմացվել ՀԿ-ների ընդգրկման պահանջները»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե խորհրդի ընդհանուր կազմը քանի՞ հոգի է դառնում, նախարարը ասաց, որ դժվար է հստակ թիվ նշել այս պահին, քանի որ ԱԺ-ից կան ներկայացուցիչներ, որոնք դեռ չեն հաստատել իրենց մասնակցությունը, նա նաև մանրամասնեց հասարակական կազմակերպությունները 5-ն են, իսկ պետական մարմինները մոտ 10-ը:
«Վերջը կառավարելի խորհո՞ւրդ է դառնում»,- եղավ վարչապետի հարցը, ինչին ի պատասխան նախարարը ասաց. «Հարաբերականորեն՝ այո», իսկ Կարեն Կարապետյանը հստակեցրեց հարցն՝ ասելով, որ նկատի ունի՝ աշխատելո՞ւ է այն ավելի արդյունավետ, թե՝ ոչ. «Աշխատելու տեսանկյունից արդյունավետ է»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ այս որոշման դեմ նախորդ կառավարության, մասնավորապես Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ընթացքում մեծ դժգոհություններ առաջացան, քաղաքացիական հասարակությունը բոյկոտեց խորհրդի մասնակցությունը՝ պատճառաբանելով, որ կազմում 2 ՀԿ ներկայացուցիչները բավական չեն արդյունավետությունն ապահովելու համար, այդ ժամանակ նախարար Մանուկյանը կարծում էր, որ բոյկոտը նույնպես պայքարի ձև է:
Այսօր կառավարությունը ամբողջությամբ ընդունել է քաղաքացիական հասարակության, մասնավորապես Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկները:
Նշենք նաև, որ խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ընտրության չափորոշիչները նույնպես փոխվել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկով, ամրագրվել է հետևյալը.
« 7. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`
1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի ՝վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ.
2) որոնց կանոնադրությամբ ամրագրված է հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվելը .
3) ունեն միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության փորձ.
4) կներկայացնեն միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական նախաձեռնությամբ հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող առնվազն 2 իրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն.
5) կներկայացնեն միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ գործընկեր կազմակերպության դրական եզրակացություն (գնահատական):»