Սամվել Բալասանյանի նոր հայտարարագրում հայտնվել է երեք անհատական բնակելի տներ, շինություններ և այլն

2012թ.-ին, երբ Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեռ պատգամավոր էր, հայտարարագրել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 4 տարածք և մեկ ավտոմեքենա՝ MOSKVICH 2140 մակնիշի:

Այդ տարի նրա դրամական միջոցները կազմել են 7 մլն դրամ ու 22 հազար դոլար: Եկամուտները գոյացել են միայն աշխատավարձից, 2012թ.-ին՝ 3,8 մլն դրամի չափով, տարվա վերջում նրա դրամական միջոցները նվազել են, դոլարով կազմել են 17 հազար դոլար:

2013թ.-ին նույնպես նվազել են դրամական միջոցները՝ տարվա վերջում կազմելով 5 մլն դրամ ու 15 հազար դոլար: Գյումրիի քաղաքապետի աշխատավարձից պարոն Բալասանյանը ստացել է 2,6 մլն դրամ եկամուտ 2013թ.-ին:

2014թ. վերջում նա ունեցել է 4 մլն դրամ ու 14 հազար դոլար, հաջորդ տարի մի փոքր նվազել են դրամով միջոցները՝ հասնելով 3,1 մլն-ի:

Արդեն նոր՝ 2016թ.-ի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում անհասկանալի պատճառներով պարոն Բալասանյանը դարձել է երեք անհատական բնակելի տան, ինչպես նաև արտադրական և հասարակական նշանակության շինությունների, հողամասի և հողին ամրակցված այլ անշարժ գույքի տեր:

Ի՞նչն է տվյալ պարագայում կարևոր. փաստացի, 2012թ.-ին պարոն Բալասանյանը ունեցել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 4 տարածք, վերջին 4 տարիների ընթացքում ներկայացրել է հայտարարագիր, որտեղ խոսք անգամ չկա այս տարածքների գործառույթների փոփոխության, դրանք օտարելու կամ նոր գույք ձեռք բերելու վերաբերյալ, սակայն 2016թ. հայտարարագրում հայտնվում են մի քանի տեսակ նոր և խոշոր գույքեր:

Հետաքրքիր է պարոն Բալասանյանի հայտարարագիրը վերլուծել կառավարության կողմից ԱԺ ուղարկած՝ ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենսդրական փաթեթի լույսի ներքո: Այսպես, ըստ սպասվելիք փոփոխության՝ ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են պատժվում է ազատազրկմամբ:

Տվյալ պարագայում տեսնում ենք, որ Գյումրիի քաղաքապետի դրամական միջոցները վերջին տարիներին նվազել են: Եթե 2012թ.-ին նա ունեցել է 7 մլն դրամ ու 22 դոլար, այսինքն՝ ընդհանուր շուրջ 18 մլն դրամ, ապա 2016թ.-ին` պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 2,9 մլն դրամ ու 13 հազար դոլար, ընդհանուր՝ 6,2 մլն դրամ, նրա դրամական միջոցները նվազել են 12 մլն-ով:

Դժվար թե, պարոն Բալասանյանը այդ գումարով այս տարիների ընթացքում կարողանար գնել  երեք անհատական բնակելի տուն, արտադրական և հասարակական նշանակության շինություններ, հողամաս և հողին ամրակցված այլ անշարժ գույք, եթե անգամ նա վերջին տարիներին ժառանգություն կամ թեկուզ նվիրատվություն է ստացել այս գույքերը, ապա պարտավոր էր հայտարարագրել, եթե օտարել է 2012թ.-ին հայտարարագրած ոչ բնակելի 4 տարածքներն ու գնել վերոնշյալ գույքերը, ապա սա նույնպես պետք է երևար հայտարարագրերում:

Ըստ Քրեական օրենսգրքում կատարվելիք փոփոխության` եթե գույքի, դրամական միջոցների և եկամուտների անհամամասնությունը կազմում է 5 մլն դրամ և ավելի, ապա կարող է դիտարկվել որպես ապօրինի հարստացում:

Պատրաստեց՝ Գևորգ Թոսունյանը

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ