Ավտոմեքենաների մաքսազերծման համար գործարքի գնի մեթոդ գրեթե չի կիրառվում: 2015թ. ընթացքում մաքսային արժեքի գործարքի գնի մեթոդով հայտարարագրվել է ընդամենը 210 հատ գործարք, փոխարենը 20584 գործարք եղել պահուստային մեթոդով, այս տարի` 143 մեքենա:
«Եթե մենք ուսումնասիրություն ենք կատարում, տեսնում ենք, որ 99 տոկոս կիրառվում է հսկիչ գներ, և հսկիչ գների տակ կիրառվում է պահուստային մեթոդը, ի դեպ, այն համարվում է ամենավերջին՝ 6-րդ մեթոդը, այսինքն՝ մնացած 5 մեթոդները չեն կիրառվում, տվյալ պարագայում մաքսային մարմինն է որոշում այդ տրանսպորտի հիմնական մաքսային արժեքը, որի հիման վրա էլ իրականացվում մաքսազերծումը»,- ասում է փաստաբան Դավիթ Ասատրյանը:
Նա համոզված է Հայաստանում մշտապես կիրառվել է այս մեթոդը, որի հիման վրա էլ մեքենաների սեփականատերերից հսկայական գումարներ են գանձվել, միայն 2015 և 2016թթ.-ին գանձվել է 33,8 միլիարդ դրամ:
Մյուս կողմից էլ փաստաբանը նշում է, որ մեր երկրում բարձր հսկիչ գներ են սահմանվում, նա համեմատության համար բերում է Վրաստանի օրինակը` ասելով, որ հարևան երկրում նոր տրանսպորտային միջոցի մաքսազերծումը մի քանի անգամ ավելի ցածր է. «Վրաստանում այն կազմում է 800-900 դոլար, իսկ մեր երկրում մեկ միլիոն դրամ և ավելի շատ գումար, սա նվազագույնն է: Այսինքն` տարիների ընթացքում ապօրինաբար քաղաքացիներից գանձվել է ահռելի մեծ գումարներ, որոնց իրավական հիմքերն առ այսօր չկա»,- շեշտում է փաստաբանը:
Սակայն ներկայումս իրավիճակը գնալով փոխվում է. «Ըստ էության մաքսային մարմինը նահանջել է ու գտնում է, որ պետք է ոչ թե համատարած կիրառել հսկիչ գներն, այլ գործարքի գինը»,- ըստ փաստաբանի այս նահանջը պայմանավորված է քաղաքացիների համառ պայքարով, դատական նախադեպերով և խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնելով:
Մաքսատներում ներկայումս այլ սկզբունքներ են որդեգրվել, նախորդ ամսվանից ավտոմաքսատանը ընտրվել է մեկ ձևակերպման ընթացք, որի միջոցով արտահանման երկրից ձեռքբերված գները կարողանում են ուսումնասիրել: Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են, որ իրենց մեքենան մաքսազերծվի գործարքի գնով, ապա ըստ նոր մոտեցման պետք է մաքսատանը տեղակայված համակարգչի և ինտերնետի միջոցով ցույց տան իրենց կողմից ներկայացված գինը, ապացուցեն, որ այն համապատասխանում է տվյալ երկրի շուկայական գնին: Այս գործընթացն իրականացվում է փաստաթղթերի ներկայացման հետ զուգընթաց: Թեև նոր գործելաոճը իրավական հիմքեր չունի, ավտոմաքսատնից մեզ տեղեկացրեցին, որ այն բանավոր հրամանով է կարգավորվել, սակայն պնդում են, որ կիրառվում է: Դեռ ավելին վերջին երկու ամսվա ընթացքում երկու տասնյակից ավելի մեքենա մաքսազերծվել է գործարքի գնով:
Տվյալ դեպքում, վարորդները պետք է պատրաստի ունենան մեքենայի բոլոր փաստաթղթերը: Հարկավոր է իմանալ նաև, որ եթե մինչ այս բրոքերային ծառայությունը զբաղվում էր միայն հայտարարագրի լրացմամբ էր միայն զնաղվում, իսկ մնացած գործընթացը քաղաքացին ինքնուրույն էր իրականացնում, ապա նոր կարգի համաձայն, ավտոմեքենայի սեփականատերը փաստաթղթերի փաթեթը հանձնում է բրոքերային ծառայությանը, որը 20 րոպեում ապահովում է մնացած բոլոր ընթացակարգերն ըստ համապատասխան բաժինների: Ըստ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի` գործընթացը տևում է 30 րոպե:
Նաև հարկ ենք համարում հիշեցնում հիշեցնել ավտոմաքսատան թեժ գծերի մասին:
Գևորգ Թոսունյան