Բիզնեսին խոչընդոտող բիզնես ռիսկերը նվազեցնելու վերաբերյալ առաջարկությունները կներկայացվեն կառավարությանը

Համաշխարհային բանկի Doing Business նախագծի ցուցանիշների համաձայն՝ Հայաստանում պահեստ կառուցելու թույլտվություն ստանալու փաստաթղթային գործընթացը 84 օր է տևում և վերջնական թույլտվություն ստանալու համար պետք է անցնել 18 էտապով. այս մասին այսօր շարունակվող «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում» թեմայով ամփոփիչ աշխատաժողովին հայտարարեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը:

Ի պատասխան այս հարցին՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Ալբերտ Բաբայանը հայտնեց, որ բուն շինթույլտվության գործընթացը տևում է 30 օր, իսկ մյուս օրերին կատարվում են ստուգումները այլ մարմինների կողմից:

Աշխատաժողովի առաջին մոդուլի ընթացքում քննարկվեցին լիցենզիաների թույլտվության ոլորտում առկա հիմնական խնդիրները: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը նշեց, որ կոռուպցիոն ռիսկեր են նկատել շինարարական լիցենզիաների տրամադրման ոլորտում: Մասնավորապես, եթե նախկինում ընկերությունը ստանում էր մեկ տիպի լիցենզիա, այժմ շինարարության տարբեր ոլորտների դեպքում տարբեր լիցենզիաներ պետք է ստանալ և յուրաքանչյուրի համար վճարել 80 հազար դրամ պետական տուրք: Եվ այդ թույլտվությունը ստանալու համար պահանջվում են փաստաթղթեր, որոնց վերաբերյալ օրենսդրությունը հստակ կարգավորումներ չի սահմանում:

Գործում են միջնորդ կազմակերպություններ, որոնք գումարի դիմաց հավաքում են այդ փաստաթղթերը և ստանում լիցենցիան: Իսկ եթե չես դիմում այդ կազմակերպություններին, ապա թույլտվություն ստանալու գործընթացը կարող է ամիսներ տևել:

Փոքր բիզնես ունեցողների համար խնդիրներ է առաջացնում նաև «Գովազդի մասին» օրենքի անկատարությունը. փոքրիկ ցուցանակները, որոնցով հուշում է արվում, որ այս կամ այն հատվածում խանութ կա, դիտարկվում է գովազդ, և ստիպված են նաև այդ ցուցանակների համար տուրքեր վճարել:

Աշխատաժողովի երկրորդ մասում աշխատանքային խմբեր ստեղծվեցին և քննարկվեցին մաքսային և հարկային, պետական գնումների և տնտեսական մրցակցության ու լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման ոլորտներում առկա հիմնախնդիրները:

Այսպես, մաքսային և հարկային ոլորտում հիմնական խնդիրները վերաբերում են մաքսազերծման  գործընթացն առավել մատչելի դարձնելուն, առաջարկվում է մշակել և հրապարակել հուշաթերթիկներ, թե գործարքի գնի մեթոդը կիրառելու համար պահանջվող փաստաթղթերը ինչպես պետք է լրացվեն և որոնք են այդ փաստաթղթերը:

Պետական գնումների ոլորտում նույնպես կարևորվեց թափանցիկության խնդիրը. մասնավորապես՝ առաջարկվում է պետական գնումներին մասնակցող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ մատչելի լինեն, պետական գնումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող կայքերը ավելի մատչելի և ամբողջական տեղեկություններ պարունակեն, և այլն:

Տնտեսական մրցակցության և լիցենզիաների տրամադրման ոլորտում առաջարկվեցին օրենսդրական բարեփոխումներ, որևէ տնտեսվարողի արտոնություններ տալուց առաջ հետազոտել դրանց ազդեցությունը փորք և միջին բիզնեսի վրա, ապահովել գործընթացների թափանցիկություն, և այլն:

Այնուհետև ամփոփվեցին վերհանված խնդիրները, որոնք կհամակարգվեն և կներկայացվեն կառավարությանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ