Դատապարտյալներին ծանրոցներ փոխանցնելու համար նոր ծառայություն է ստեղծվել: Այսուհետ դատապարտյալների և կալանավորների հարազատները կարող են առցանց պատվիրել և հանձնուքներ ու ծանրոցներ փոխանցել նրանց: Ի՞նչ հնարավորություններ ունի ծառայությունը և թե ի՞նչ փոփոխություններ են նրանում կատարվում՝ պարզել է Իրավաբան.net–ը:
2016 թվականի մարտի 11-ից ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արդեն իսկ շունչ ստացած այս նախագիծը կգործի նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար:
ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը Իրավաբան.net–ի հետ զրույցում նշեց, որ առցանց պատվերները կթեթևացնեն մարդկանց հերթը: «Ծրագրի նպատակն է զերծ մնալ կոռուպցիոն ռիսկերից, ինչպես նաև խնայել դատապարտյալների հարազատների ժամանակն ու գումարը, որը կորցնում են ՔԿՀ-ներ հասնելու և փաթեթները փոխանցելու հերթերի մեջ»,-ընդգծեց Ղլեչյանը:
Առցանց պատվերներ կատարվում են www.ced.am կայքէջից:
Խանութից ընտրվում է անհրաժեշտ ապրանքատեսակը, նշվում վերջնական քանակը և սեղմում «Ուղարկել հարցումը» կոճակը։ Բացված պատուհանում լրացրվում է պատվիրատուի և ստացողի տվյալները։ Այնուհետև հիմնադրամը ՔԿՀ ղեկավարի և ստացողի համաձայնությունը ստանալուց հետո էլ. փաստով ուղարկում է վճարման կոդը։ Վճարում կատարվում է բանկային քարտով։
Վճարումից հետո առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրած ապրանքները փոխանցվում են ստացողին:
Ինչպես հաստատեցին Գոռ Ղլեչյանը և «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գլխավոր տնօրեն Ռոբերտ Բուդաղյանը, ծառայությունը կատարվում է լրիվ անվճար: Այսինքն առցանց պատվերների համար հավելավճար չի կատարվում:
Ռոբերտ Բուդաղյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ չնայած այս պայմաններին՝ պատվերները շատ քիչ են: «Այսքան ժամանակ եղել է 5-6 պատվեր, մոտ 100.000 դամի չափով: Քիչ են օգտվում առցանց խանութից»,-նշեց հիմնադրամի տնօրենը:
Այն հարցին, թե որտեղի՞ց է ձեռք բերվում պատվիրված ապրանքը, Բուդաղյանը պատասխանեց, թե այնտեղից, որտեղից որ բոլորն են գնում: Մանրամասնելով՝ նա նշեց,-«Քրեակատարողական հիմնարկների մոտ մենք խանութներ ունենք, որոնք սովորական ձևով աշխատում են: Պատվերի դեպքում էլ հենց այդ խանութներից ենք գնումներն անում»:
Կաթնամթերքի բաժինը մյուս ապրանքատեսակների համեմատ շատ աղքատիկ էր, ուստի հետաքրքրվեցինք, թե ինչու՞ է միայն «Մարիանա» ապրանքանիշի արտադրանքը ներկայացված, Ռ.Բուդաղյանը հայտնեց, որ պատճառը զուտ ֆինանսական է, և քանի որ գնորդներ շատ չեն լինում, և պահանջարկն այդքան էլ մեծ չէ, սակավաթիվ ընկերությունների հետ են աշխատում:
Արձանագրենք նաև, որ կային որոշ ապրանքատեսակներ, որոնք սովորական խանութների համեմատ ավելի թանկ էին, օրինակ 3*1լուծվող սուրճ «Royal Armenia»-ն արժեր 110 դրամ, այնինչ խանութներում վաճառվում է 60-70 դրամով:
«Մենք գների վերանայում ենք անում, եթե դուք էլ նկատել եք, ասեք, դրանք անպայման կշտկվեն»,- հայտնեց «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գլխավոր տնօրենը:
Ընդգծենք, որ մոտ ժամեր անց որոշ ապրանքատեսակների գներ իսկապես փոխվեցին, և վերոնշյալ սուրճն արդեն 60 դրամ արժեր, մի քանի այլ ապրանքների գներ ևս նվազել էին 10-20 դրամով: Այս թվում՝ «Royal Armenia» սև սուրճը 410 դրամից նվացել էր 360 դրամի, «Nescafe» 3*1 լուծվող սուրճը՝ 90 դրամից դարձել էր 80դր., Կոզինախ քաղցրավենքիքը՝ 190 դրամից՝ 180 դրամ, «Dirol» մաստակները՝ 170-ից 150 դրամ, մեկ այլ տեսակը՝ 200-դրամից 170 դրամ, իսկ կաթնամթերիքի բաժնից «Մարիաննա» 400գր թթվասերը 540-ից նվազել էր 510 դրամի, մածունը՝ 325դրամից՝ 300 դրամ:
Ալիսա Չիլինգարյան