Պաշտպանության նախարարությունը հուլիսի 11-ին պայմանագիր է կնքել «Ավիատուր Գրուպ» ընկերության հետ՝ 4 հատ «Երևան-Վիեննա-Վիլնյուս», «Վիլնյուս-Մոսկվա-Երևան» ուղղություններով ավիատոմսերի ձեռքբերման համար: Տոմսերի ձեռքբերման առաջաին չափաբաժնի համար վճարվել է 2 միլիոն 440 հազար դրամ (ընդհանուր արժեքը 3,2 միլիոն դրամ է):
Պայմանագրով ձեռքբերվող ավիատոմսերը «էկոնոմ» կարգի են և կարծես թե շուկայական գնից թանկ չեն: Սակայն այս գնման դեպքում հետաքրքրական է գնման վերաբերյալ հրավեր-հայտարարությունը, որը ուղարկվել է ավիաընկերություններին: gnumner.am կայքում տեղադրված փաստաթղթում տեսնում ենք, որ նախարարությունը գնման հրավերում կոնկրետ պահանջներ է ներկայացրել. «Երևան-Վիեննա-Վիլնյուս» ուղղություններով տոմսերը պետք է գնվեն 12.07. 2016-ի «OS 642» և «OS 833» չվերթներով, իսկ «Վիլնյուս-Մոսկվա-Երևան»դեպքում՝ 14.07.2016-ի «SU 2105» և «SU 1862» չվերթներով:
Այսինքն, գնման հրավեր ներկայացնողը նաև հստակ նշում է՝ գնեք հենց այս տոմսերը, այդպիսով սեղմելով մրցակցության գոտին: Եվ, բնական է, որ մրցույթին հաղթող է ճանաչվում հենց այն ավիագործակալությունը, որն ավելի ճարպիկ է գտնվում և հասցնում է ամրագրել այդ տոմսերը: Հասկանալի է նաև, որ ճարպկության շնորհիվ հնարավոր է նաև փակել մրցակիցների ճանապարհը. մինչև մրցույթի ավարտը ամրագրել բոլոր հավանական տոմսերը և միայն մրցույթի ավարտից հետո չեղարկել ամրագրումները:
Պարզվում է նաև, որ արդեն իսկ ձևավորված պրակտիկա է, երբ պետական մարմինը իրական մրցակցության տեղ չի թողնում՝ գնման հրավերը հրապարակելիս: Օրինակ, արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 8-ին պայմանագիր է կնքել «Լ.Ս Ֆանտուր» ընկերության հետ՝ «Երևան-Մոսկվա-Սոչի» ուղղություններով երկու անձի համար «էկոնոմ» կարգի ավիատոմսերի ձեռքբերման համար: Գնվել են 08.08.2016-ի « SU 1861» և09.08.2016-ի « SU 1130» չվերթի տոմսերը և վճարվել է 518 հազար դրամ: Այս դեպքում էլ ավիատոմսերի գնման հրավեր-հայտարարության մեջ նշվել է, որ պետք է գնվեն հենց վերոնշյալ չվերթի տոմսերը:
Մեկ այլ օրինակ. ոստիկանությունը հուլիսի 12-ին պայմանագիր է կնքել «Ավիատուր Գրուպ» և «Տրինիդատ» ընկերությունների հետ: Ի սկզբանե ոստիկանությունը ավիատոմսերի գնման հրավերում նշել է, որ անհրաժեշտ են «Երևան-Մոսկվա (Շերեմետևո)-Երևան» ուղղություններով 3 անձի համար «էկոնոմ» կարգի տոմսեր, 1 էկոնոմ կարգի տոմս «Մոսկվա-Երևան» ուղղությամբ և երկու հատ «Երևան-Մոսկվա-Երևան» ուղղություններով «էկոնոմ» կարգի տոմսեր՝ նշելով թռիչքների ժամերը և մոսկովյան օդանավակայանները (ենթադրելի է, որ այդ ժամերին և կոնկրետ օդանավակայան կոնկրետ չվերթներ կան):
Ավիատոմսերի գնումները ուսումնասիրելիս տեսնում ենք, որ այսպիսի օրինակները բազմաթիվ են, մինչդեռ, եթե գնման հրավերում նշվեն բացառապես ուղղություններն ու մեկնելու-ժամանելու օրերը, ապա ավիագործակալությունները իսկապես մրցույթի մեջ կմտնեն՝ գնային և որակական լայն առաջարկություններ ներկայացնելով: Եվ արդյունքում կխնայվեն պետական միջոցները:
Աստղիկ Կարապետյան