Տարադրամի կետերի վրա ավազակային հարձակման գործով այսօրվա դատական նիստը սկսեց շուրջ մեկ ժամ ուշացումով` մեղադրող դատախազի ներկայությունն ապահովելու պատճառաբանությամբ: Դատական նիստին ներկայացավ դատախազ Էդգար Արսենյանը և որպես երկրորդ մեղադրող ներգրավվեց գործին:
Ինչպես հայտնել էինք, նախորդ դատական նիստին դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, գործով դատաքննություն ավարտված համարեց և անցավ վիճաբանությունների փուլ: Այսօրվա դատական նիստին պետք է դատախազը մեղադրական ճառով հանդես գար:
Սակայն մեղադրողը միջնորդեց դատաքննությունը վերսկսել, քանի որ դատախազության կողմից չորս ամբաստանյալների արարքները վերաորակվել են:
Մեղադրական նոր որոշումները փոխանցվեցին ամբաստանյալներին և նրանց պաշտպաններին: Նիստը հետաձգվեց և ժամանակ հատկացվեց նրանց` ծանոթանալու նոր մեղադրանքներին:
Իրավաբան.net-ը ամբաստանյալների պաշտպաններից տեղեկացավ, որ մեղադրանքներն ավելի են խստացվել: Մասնավորապես, Ռաֆայել Հարոյանի մասով առաջադրված մեղադրանքներից մեկով Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասը դարձվել է 3-րդ մաս (ապօրինի զենքի ձեռքբերելը, պահելը, կրելը): Առաջին մասով պատիժ է սահմանվում մինչև 3 տարվա ազատազրկումը, իսկ 3-րդ մասով` նախատեսվում է 3-8 տարվա ազատազրկում:
Մյուս երեք ամբաստանյալների մասով փոխվել է նաև Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով (բանդիտիզմ) առաջադրված մեղադրանքը: Ի սկզբանե մեղադրանքը առաջադրված է եղել այս հոդվածի երկրորդ մասով, որով պատիժ է սահմանում 6-10 տարվա ազատազրկում, իսկ արարքը վերարորակելուց հետո մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածի առաջին մասով, որով պատիժ է սահմանվում 10-15 տարվա ազատազրկում:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին: