«Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մուտքի մոտ այրել էր Հայաստանի դրոշը

Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ` դատավոր Մխիթար Պապոյանի, մասնակցությամբ` դատախազ Հակոբ Մելքոնյանի, հանրային պաշտպան Հայկ Իսրայելյանի, քննեց քրեական գործը` ըստ մեղադրանքի անմեղսունակ Ալբերտ Նիկողոսյանի:
Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նպատակ ունենալով այրելու միջոցով անարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշ հանդիսացող դրոշը, գնացել է «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մուտքի մոտ, որտեղ այրելու և ոչնչացնելու միջոցով անարգել է ՀՀ պետական դրոշը (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 331):
Նախաքննության ընթացքում Ալբերտ Նիկողոսյանի նկատմամբ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, և փորձագետի եզրակացությամբ վերջինս ճանաչվել էր անմեղսունակ, ով կարիք ունի հարկադիր բուժման:
Դատաքննության ընթացքում հարցաքննվեց վկա Սարգիս Վարդանյանը, որը հայտնեց գործին վերաբերող իրեն հայտնի տեղեկությունները: Մյուս երկու վկաները չներկայացան դատական նիստին, և քանի որ կողմերը չառարկեցին, դատարանը նիստը շարունակեց նրանց բացակայությամբ` հրապարակելով նախաքննության ընթացքում չներկայացած վկաների կողմից տրված ցուցմունքները:
Դատաքննության ընթացքում հարցաքննվեց նաև Ալբերտ Նիկոսոսյանին բուժող բժիշկը, որը նշեց, որ տվյալ պահին Ալբերտ Նիկողոսյանը գտնվում է հոգեպես հանգիստ վիճակում, սակայն տառապում է անբուժելի հոգեկան հիվանդությամբ:
Լսելով կողմերին և հետազոտելով գործում առկա ապացույցները` դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Վերադառնալով դատական նիստերի դահլիճ` դատարանը հրապարակեց որոշում` Ալբերտ Նիկողոսյանին բժշկական հաստատությունում հարկադիր բուժում ստանալու վերաբերյալ:
Հանրային թղթակից` Գոհար Կոստանյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել