2016 թվականի մայիսի 25–ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է նոր օրինագիծ, որով լրացումներ են կատարվել գործող «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում, ուժի մեջ են մտնում վաղվանից։
«ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.1-40.4-րդ և 40.6-40.12-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՀՈԴՎԱԾ 40.1. ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՕՐԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ
Քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով քարոզչություն կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 40.2. ԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՍՏՈՐԱԳՐԵԼԸ
Ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի անդամի կողմից քվեարկության արդյունքների արձանագրությունը չստորագրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 40.3. ԹԵԿՆԱԾՈՒԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ԿՈՂՄԻՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՉԲԱՑԵԼԸ ԿԱՄ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
Թեկնածուի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը, երբ դրա բացելը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պարտականություն է, կամ նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 40.4. ԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՐԿԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՉՓԱԿԵԼԸ
Ընտրական կամ հանրաքվեի փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում սահմանված կարգով չփակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:»:
«ՀՈԴՎԱԾ 40.6. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ՉԼՐԱՑՆԵԼԸ
Ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը չլրացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 40.7. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ
Զանգվածային լրատվության միջոցներով, բացառությամբ կուսակցությունների հիմնադրած մամուլի միջոցների, թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության իրականացման համար հավասար պայմաններ` եթերաժամ կամ ծավալ, սակագին և այլն չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից իրականացվող նախընտրական քարոզչության վերաբերյալ ակնհայտ կողմնակալ և (կամ) գնահատականներով տեղեկատվություն ներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
Օրենքով սահմանված կարգով որպես թեկնածու գրանցվելուց հետո` մինչև ընտրությունների ավարտն ընկած ժամանակահատվածը, հեռուստառադիոընկերությունների աշխատակիցների կողմից հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) ընտրությունները լուսաբանելը և (կամ) հեռուստառադիոհաղորդում (հեռուստահաղորդում կամ ռադիոհաղորդում) վարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստառադիոհաղորդումները (հեռուստահաղորդումները կամ ռադիոհաղորդումները) առևտրային գովազդով ընդմիջելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 40.8. ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ՏԱՐԱԾԵԼԸ
Քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելը և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 40.9. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ) ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների, ինչպես նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցում հրապարակելիս դրանում օրենքով նախատեսված տեղեկությունները չնշելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, հարցում իրականացնող կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ տպագիր մամուլով թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), ինչպես նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` հրապարակում իրականացրած կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:
Միևնույն ընտրության (հանրաքվեի) ժամանակ նույն խախտումը մեկից ավելի անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` հրապարակում իրականացրած կազմակերպության նկատմամբ` երկրորդ հրապարակման դեպքի համար, նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր հաջորդ խախտման համար նախորդ դեպքի համար սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 40.10. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔ, ԱՐԺԵԹՂԹԵՐ, ԱՊՐԱՆՔՆԵՐ ՏԱԼԸ (ԽՈՍՏԱՆԱԼԸ) ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼԸ (ԽՈՍՏԱՆԱԼԸ)
Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը), եթե դրա համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:
Բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երկուսուկեսհազարապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 40.11. ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ՆՅՈՒԹԵՐ ՏԱՐԱԾԵԼԸ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ ՊՈԿԵԼԸ, ՊԱՏՌԵԼԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական տպագիր նյութի պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկություններ չպարունակող քարոզչական տպագիր նյութեր տարածելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 40.12. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ
Թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտման դեպքում ընտրական հանձնաժողովի խախտումը վերացնելու որոշման պահանջները` դրանում նշված ժամկետներում չկատարելը կամ այդ մասին ընտրական հանձնաժողովին գրավոր չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում` թեկնածուի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Միևնույն ընտրության ժամանակ նույն խախտումը նույն սուբյեկտի կողմից մեկից ավելի անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր հաջորդ խախտման համար նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով
(…)»:
Iravaban.net