Հայաստանում դատական համակարգը հակված է կոռուպցիայի. զեկույց

2016 թ. փետրվարի 25-ին հրապարակված իր նոր զեկույցում Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) նշում է, որ կոռուպցիան շարունակում է կարևոր խնդիր հանդիսանալ հայաստանյան հասարակության համար, չնայած որ դրա դեմ պայքարը տարիներ շարունակ մշտապես քաղաքական օրակարգի կարևոր մի մաս է եղել: Զեկույցն առանձնակիորեն անդրադառնում է պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելմանը:

Ըստ զեկույցի՝ Հայաստանում դատական համակարգը հատկապես հակված է կոռուպցիայի և տուժում է անկախության պակասից: Առկա են նաև մտահոգություններ՝ կապված ուժերի հստակ բաժանման բացակայության հետ, Ազգային ժողովի թուլության և հանրային որոշումների կայացման գործընթացի թափանցիկության անբավարար մակարդակի հետ:

«Հայաստանում պետական իշխանությունների և հանրային կառավարման ներկայիս համակարգի շուրջ մտավախություններին ի պատասխան՝ պետք է ձեռնամուխ լինել համապարփակ և ընդգրկուն բարեփոխումների գործընթացին: Բարեփոխումները պետք է անցկացվեն վճռականորեն և առանց ուշացումների: Կոռուպցիայի դեմ պայքարն առաջնահերթություն է: Մենք պատրաստակամ ենք՝ աջակցելու Հայաստանին այս գործում, և վստահ ենք, որ իշխանությունները կհետևեն մեր խորհուրդներին», – ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

Մասնավորապես, GRECO-ն առաջարկում է հետագայում զարգացնել և ավելի արդյունավետ դարձնել այն օրենքները, որ կապված են պատգամավորների, դատավորների և դատախազների կողմից նվերների ընդունման, պարբերաբար ունեցվածքի հայտարարագրերի ներկայացման, ինչպես նաև դրանց վերահսկման և կիրարկման հետ: Այնուհետև, առաջարկվում է բարելավել պառլամենտական գործընթացների թափանցիկությունը, ընդունել վարքագծի կանոններ Ազգային ժողովի անդամների համար, կանխարգելել նրանց կողմից գործարարության հետ կապված սահմանափակումների շրջանցումը:

Դատավորների և դատախազների՝ աշխատանքի ընդունման, առաջխաղացման և պաշտոնի դադարեցման առկա ընթացակարգերը՝ ներառյալ գլխավոր դատախազությունը, ինչպես նաև կարգապահական ընթացակարգերը պետք է լրացուցիչ կերպով փոփոխվեն: Առաջարկվում է վարել կանխապես մշակված քաղաքականություն՝ ուղղված դատավորների և դատախազների վրա անհարիր ազդեցության, ինչպես նաև շահերի բախման և դատական համակարգի ու դատախազության ներսում կոռուպցիայի կանխարգելմանը: Դատավորների անձեռնմխելիությունը պետք է սահմանափակվի այն գործողություններով, որոնք կապված են արդարադատության իրականացման հետ:

Հայաստանի իշխանությունները մինչև 2017 թ. վերջը պետք է զեկուցեն այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են՝ ի կատար ածելու համար այն 18 առաջարկությունները, որ ներառվել են այս զեկույցի մեջ: 2017 թ. երկրորդ կեսում լույս տեսնելիք «պարտավորությունների կատարման» զեկույցում GRECO-ն կներկայացնի այս միջոցառումների արդյունավետության իր գնահատականը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ